Նախարարն ընդունել է Միջազգային բակալավրիատ ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային բակալավրիատի Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի ներկայացուցիչներ՝ ծրագրի ճանաչման և զարգացման ղեկավարներ Վեդրանա Պավլետիչին և Ջոն Հալիգանին: Ինչպես  հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում ՄԲ ծրագրում ներառված ավագ դպրոցների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում գործող Միջազգային բակալավրիատի ծրագրերով հավաստագրված երեք դպրոցներում՝ Դիլիջան UWC,  Քվանտ վարժարանում և Շիրակացու ճեմարանում ծրագրի ներդրման արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է եղել ծրագրի ճանաչման, համադրելիության և ՀՀ բուհական համակարգում ՄԲ շրջանավարտների ընդգրկման հնարավորության հարցերին: ԿԳ նախարարը նշել է, որ վերոնշյալ դպրոցները ՄԲ ծրագրերով դրական արդյունքներ են արձանագրել, և պետք է աշխատել, որ ծրագիրը բուհերի ընդունելության ազգային համակարգի հետ համադրելի լինի՝ չառաջացնելով լրացուցիչ խնդիրներ:

ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը նշել է, որ պետք է կատարվի պետական դպրոցների կրթական ծրագրերի համեմատություն և համադրում ՄԲ առարկայական ծրագրերի բովանդակության հետ, ինչպես նաև մշակվի գնահատման համակարգերի համադրելիության ձևաչափ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել այլ երկրներում Միջազգային բակալավրիատի ծրագրերի ճանաչման փորձին:

Նշենք, որ տեղի է ունեցել նաև Միջազգային բակալավրիատի (ՄԲ) կրթական  ծրագրերին նվիրված սեմինար, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի, ՄԲ Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի գրասենյակի և Հայաստանում գործող ՄԲ ծրագրերով հավաստագրված երեք դպրոցների՝ Դիլիջան UWC, «Քվանտ» վարժարանի և Շիրակացու ճեմարանի համատեղ ջանքերով:

Տեսանյութեր

Լրահոս