«Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը». Արայիկ Հարությունյան

Մայիսի 21-ին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքի հաղթանակի հրապարակում հանդիպել է բնակիչների հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ա. Հարությունյանը և Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանը ծաղիկներ են խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանին, Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարերին:

Մարտունեցիների հետ հանդիպմանն Ա. Հարությունյանը հանդես է եկել ելույթով՝ ասելով, որ Արցախում ապրում է աշխատասեր մի ժողովուրդ, որը րոպեների ընթացքում դառնում է բռունցք՝ ոչ միայն պաշտպանելու հայրենիքը, այլև աշխարհին ապացուցելու, որ արժանի են ապրելու և զարգանալու:

«Արցախում սպասվում են քաղաքական զարգացումներ: 2020 թվականի գարնանը նախատեսվում են նախագահական և խորհրդարանական, իսկ առաջիկայում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ կամ ավելի մեծ նպատակ չէ հետապնդում, քան միասնական լինելը: Մենք ունենք միասնական մեկ հայրենիք և երազում ենք դառնալ մեկ երկիր»,-ավելացրել է Ա. Հարությունյաը՝ ընդգծելով, որ ցանկացած սադրանք՝ ուղղված պետությանը, կամ հակասահմանադրական արարք արժանանալու է ժողովրդի դիմադրությանը:

Ըստ Ա. Հարությունյանի՝ Արցախում իշխանության ձևավորումը պետք է լինի միայն ընտրությամբ, խաղաղ և առանց ցնցումների:

Խոսելով երկրում առկա խնդիրների մասին՝ կուսակցության նախագահն ասել է. «Մեր երկրում կան սոցիալական բազմաթիվ պրոբլեմներ, չլուծված խնդիրներ և փորձել դրանք առիթ դարձնել, և խախտել մեր երկրի ներքին անդորրը, ես բարոյական չեմ համարում: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները ոչ միայն ողջունել ենք, այլև նշել ենք, որ պատրաստ ենք աջակցելու, բայց դա չի նշանակում, որ հայաստանյան փոփոխությունները պետք է հիմք հանդիսանան Արցախը տանելու ներքաղաքական անկայունության ճանապարհով»:

Ա. Հարությունյանն իր ելույթում կարևորել է, որ 2005 թվականին, ստեղծելով «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, ամենամեծ քվեն ստացել են հենց Մարտունու շրջանում, որն էլ պարտավորեցրել է իրեն հետագայում ևս զբաղվել քաղաքականությամբ:
Նա անդրադարձել է կուսակցության տեսլականին և մարտունեցիներին ներկայացրել կուսակցության ծրագիրը, որը հետագայում դառնալու է նախըտրական ծրագիր՝ հաշվի առնելով նաև բնակիչների առաջարկությունները:

Ա. Հարությունյանն առաջնահերթ է համարել բանակի մարտունակությունը, մատչելի գներով բնակարանների ձեռքբերումը, կառուցումը կամ վերանորոգումը, անվճար բուժօգնություն և բարձրագույն կրթություն ստանալը, ենթակառուցվածքների բարելավումը և այլն: Առաջիկա 5 տարիների ընթացքում հանրապետությունում նախատեսվում է ավարտին հասցնել ներհամայնքային ճանապարհների սալապատման ծրագիրը:

Ա. Հարությունյանը նաև լսել է նաև բնակիչների առաջարկներն ու հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս