Բաժիններ՝

«Լիվերպուլի» դարպասապահը, Լեդի Գագայի մայրը և Լիբերիայի նախկին նախագահը դարձան ԱՀԿ-ի բարի կամքի դեսպաններ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մայիսի 20-ին Ժնեւում հայտարարել է աշխարհում առողջության ամրապնդման հարցերով բարի կամքի չորս նոր դեսպանների նշանակման մասին:

Նրանք են՝ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի եւ «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ Ալիսոն Բեքերը, նրա կինը՝ բժիշկ Նատալյա Լյովե-Բեքերը, Born This Way հիմնադրամի նախագահ, երգչուհի Լեդի Գագայի մայրը՝ Սինտյա Ջերմանոտան, եւ Լիբերիայի նախկին նախագահ (2006-2018 թթ.), 2011 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլեն Ջոնսոն-Սեռլիֆը:

Նոր նշանակումների մասին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ մայիսի 20-ին բացված 72-րդ ամենամյա նստաշրջանում: «Մեր նոր դեսպաններից յուրաքանչյուրն իր բնագավառի նվիրյալն է՝ լինի դա աջակցությունը հասարակության վերականգնմանն ու կայուն զարգացմանը, հոգեկան առողջության ամրապնդման եւ բարեկեցության համար պայքարը կամ անձնական օրինակով առողջ կենսակերպի քարոզչությունը»,-նշել է նա:

Առողջապահության համաշխարհային ասամբլեային, որի նստաշրջանը Ժնեւում կտեւի մինչեւ մայիսի 28-ը, մասնակցում են 194 երկրների ներկայացուցիչներ: Բանավեճերի գլխավոր թեման միտված է այն բանին, որ առողջապահության ծառայություններն ընդգրկեն ամբողջ աշխարհը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս