Բաժիններ՝

«Հանուն Մխիթարյանի, հանուն ֆուտբոլի». Oh My Goal

6 միլիոնից ավելի հետևորդ ունեցող Oh My Goal մարզական էջը տեսանյութով անդրադարձել է հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի երափակչին մասնակցելու հարցին: Էջը տեսանյութը վերնագրել է այսպես՝ «Անհավատալի պատճառ, թե ինչու Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի եզրափակիչը»:

Տեսանյութում ասվում է, որ այն ժամանակ, երբ Ունայի Էմերին և ֆուտբոլիստները պատրաստվում են եզրափակչին, Հենրիխ Մխիթարյանը սպասում է Ադրբեջան մեկնելու թույլտվությանը: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի եզրափակիչն այս տարի կայանալու է Բաքվում:

Մխիթարյանն իր կարիերայի ընթացքում մի քանի անգամ բախվել է Ադրբեջան մեկնելու խնդրին, անգամ՝ այս մրցաշրջանում: Խնդիրը այն է, որ  Մխիթարյանին ադրբեջանական կողմը վիզա չի տրամադրում: Սակայն դեռ խմբային փուլի ժամանակ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ կանի ամեն ինչ, որպեզի կազմակերպության միջնորդությամբ Մխիթարյանին տրամադրվի մուտքի արտոնագիր: Ադրբեջանն ասել էր, որ Մխիթարյանը ոտք չի դնի Ադրբեջան, անգամ, եթե չունենա որևէ խնդիր փաստաթղթերի հետ: Բացի այդ,  ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել ՔՕ 318.2 հոդվածով՝ Արցախի Հանրապետություն այցելելու համար:

Տեսանյութում նշվում է, որ ՈւԵՖԱ-ն այս անգամ ևս նշել է, որ Մխիթարյանի՝ Ադրբեջան մեկնելը շատ կարևոր է իրենց համար, և իրենք պատրաստ են միջնորդել, որպեսզի հայ ֆուտբոլիստը ստանա մուտքի արտոնագիր: Սրա համար ֆուտբոլային կազմակերպությունը կներդնի իր բոլոր ջանքերը: Լոնդոնյան ակումբը ևս նշում է, որ Հենրիխի մասնակցությունը խաղին կարևոր է, բայց թիմը դեռ պետք է քննարկի այդ հարցը:

Կարդացեք նաև

Անգլիական մամուլն արդեն գրում է, որ ՈՒԵՖԱ-ն դիմել է Ադրբեջանին՝ հորդորելով վիզա տալ հայ ֆուտբոլիստին: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է, որ հայ ֆուտբոլիստն Ադրբեջան մեկնելու խնդիր չի ունենա: Ադրբեջանական կողմը հավաստիացրել է  նաև, որ կապահովի հայ ֆուտբոլիստի պատշաճ անվտանգությունը: Տեղեկությունը հաստատել է նաև Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը:

«ՈւԵՖԱ-ի համար ստանդարտ ընթացակարգ է ֆուտբոլիստների համար  նամակներ ուղարկելը տարբեր ասոցիացիաներ, ակումբներ կամ դեսպանատներ` խաղացողների համար վիզա ստանալու և նրանց մասնակցությունն ՈՒԵՖԱ-ի կողմից անցկացվող խաղերում ապահովելու համար»,- ասել է  ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը:

Սակայն, ինչպես ասվում է տեսանյութում, Հենրիխ Մխիթարյանի անվտանգությունը դաշտում ապահովել չի լինի, քանի որ մարզադաշտում լինելու են հազարավոր ադրբեջանցիներ, ովքեր չեն ուզում իրենց երկրում տեսնել հայ ֆուտբոլիստին:

Տեսանյութի հեղինակները նշում են, որ այս հարցը և Մխիթարյանի անվտանգությունն ամբողջությամբ ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության տակ է: Ֆուտբոլային կառույցը պետք է հստակ քայլեր անի և հարյուր տոկոսով երաշխավորի, որ հայ ֆուտբոլիստի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Տեսանյութում նշվում է նաև, որ ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի համար պետք է անի ամեն ինչ՝ ոչ միայն ֆուտբոլիստի անհատական շահերի, այլ հանուն ֆուտբոլի՝ հանուն Մխիթարյանի և Հանուն ֆուտոլի:

Եվրոպա լիգայի եզրափակչին մնացել են հաշված օրեր, իսկ Մխիթարյանի հարցը դեռևս լուծված չէ: Անգլիական մամուլը գրում է, որ Հենրիխը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս