Գերմանացի քաղաքական գործիչը համերաշխություն է հայտնել Թուրքիայի ընդդիմությանը

Գերմանիայի «Քրիստոնյա–դեմոկրատական միություն» (CDU) կուսակցության նախագահ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը համերաշխություն է հայտնել Թուրքիայի ընդդիմադիր ուժերին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) կայանալիք ընտրություններին ընդառաջ Դույսբուրգում ելույթ ունեցած Կրամպ-Կարենբաուերն անդրադարձել է Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկմանն ու նոր ընտրություններին։ Նա հայտարարել է, որ ԵԽ ընտրություններում օգտագործված յուրաքանչյուր քվե միաժամանակ լինելու է նաև Թուրքիայի ընդդիմադիր ուժերի օգտին, քանի որ այդ երկրում նման ընտրական ազատություն չկա։

«Մենք Ստամբուլի օրինակով տեսանք, թե ինչպես է Թուրքիայում չեղարկվում ժողովրդավարական որոշումը միայն նրա համար, որ դա հանրապետության նախագահի սրտով չէ։ Մենք հայտարարում ենք, որ այս ընտրություններն ու այս քվեները շատ կարևոր են, քանի որ մենք այս ընտրություններում մեր ձայնը տալիս ենք նաև նման ազատությունից զուրկ Թուրքիայի ընդդիմադիր ուժերին», – ասել է գերմանացի գործիչը։

Նա նաև նշել է, որ Ստամբուլի ընտրողները պայքարում են, որպեսզի իրենց քաղաքապետը ևս մեկ հնարավորություն ստանա, որպեսզի իրենք կարողանան իրենց ուղերձը բարձրաձայնել ազատությունը ոտնահարող քաղաքականություն հեղինակ Էրդողանին։

Նշենք, որ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը կուսակցության նախագահ է ընտրվել  2018թ․ դեկտեմբերի 7-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով կանցլեր Անգելա Մերկելին։

Տեսանյութեր

Լրահոս