«Արդարադատության իրականացումը Կառավարության կողմից խաթարված է». Արամ Օրբելյան

Վարչապետի կոչով դատարանների մուտքերը փակելու ակցիայի հետ ակնհայտ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված դատարանի որոշումը եղել է վերջին կաթիլը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա խոսքով՝ դատաիրավական համակարգը փոխելու ցանկություններն այս եղանակով չեն իրականացվում՝ դատարանների մուտքերն ԱԺ մեծամասնություն ունեցող խմբակցության և կառավարություն ձևավորած իշխանության ներկայացուցիչների կողմից փակելով։ Համակարգը փոխելու համար կա սահմանադրական և իրավական գործիքակազմ։

«Այն ժամանակ, երբ հրապարակվել էին հայտնի ձայնագրությունները, և հրապարակային կոչեր էին հնչում, մենք նշել էինք, որ արդարադատության իրականացումը Կառավարության կողմից խաթարված է։ Այս մտավախությունը մինչև այժմ` անկախ որոշումների պարունակությունից, չեն վերացել։ Այսինքն՝ այն փաստը, որ կալանքը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ, դա դեռ չի նշանակում, որ մեր մտավախությունները փարատվել են։ Հատկապես, որ տեսնում ենք՝ նմանօրինակ ամեն մի որոշումից հետո ակցիաներ են իրականացվում։ Մենք տեսնում ենք, որ այս մասով որևէ փոփոխություն տեղի չի ունենում»,- շեշտեց փաստաբանը։

Ըստ փաստաբանի, եթե խոսում են դատաիրավական բարեփոխումներից, պետք է ուշադրություն դարձնեն, որ «Հին Հայաստանում» ամենաշատը քննադատված կետերից մեկը եղել է համատարած կալանքի կիրառումը՝ միջդատական վարույթում  և դատարանում գործի քննության ժամանակ։ Այստեղ խոսքը ոչ թե վերջնական պատժի կամ ոչ պատժի մասին է, այլ միջդատական վարույթի ընթացքում այլընտրանքային խափանման միջոց կիրառելու։

Կարդացեք նաև

«Հիմա դատարանը կիրառում է այլընտրանքային խափանման միջոց, որից հետո հայտարարում են, թե այս ամենը պետության դեմ ուղղված դիվերսիոն գործողություն է, կամ նմանատիպ այլ պնդումներ են անում։ Ակնհայտորեն մենք խնդիր ենք տեսնում արդար դատաքննության, դատարանների անկախության գործընթացների մեջ։ Թե ի՞նչ որոշումներ կընդունեն, և ի՞նչ կլինի, այսօր վարչապետի հայտարարությունից հետո ավելի պարզ կդառնա, մինչև այժմ պարզ է միայն այն, որ տեղի է ունեցել դատարանների փակում, որոշակի հրմշտոց, դատավորի են հրել, պատուհաններ են ջարդել։ Այն, ինչ կատարվում է հիմա՝ չի համապատասխանում օրենքին, Սահմանադրությանը և քաղաքական տրամաբանությանը»,- եզրափակեց Արամ Օրբելյանը։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս