Առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի իր աջակիցների հետ. Վիկտոր Սողոմոնյան. NEWS.am
Վստահ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա ինչպես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Պետք է իմ գոհունակությունը հայտնեմ դատարանի որոշման կապակցությամբ, որով վերացվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ապօրինի կալանքը։ Ես կարծում եմ, որ սա արդար որոշում էր։ Վստահ եմ, որ այս որոշումը լուրջ ազդեցություն կունենա ընդհանրապես իրավական գործընթացների վրա Հայաստանում, այնպես էլ մեր ներքաղաքական համերաշխության տեսանկյունից մեծ նշանակություն կունենա»,– նշել է նա։
Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն կունենա հանդիպել իր աջակիցների հետ.
«Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր բոլոր կողմնակիցներից ու աջակիցներից, այն քաղաքացիներին, որոնց չեմ ճանաչում, բայց որոնք իրենց մեծ աջակցություն են ցուցաբերել անցած օրերին և ամիսներին, Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանին ու նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին, որոնք աջակցել են մեզ, հայտնում եմ շնորհակալություն։ Կարծում եմ՝ առաջիկայում կստեղծվի հնարավորություն, որ պարոն Քոչարյանը հանդիպի նրանց հետ»։
Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթվա սկզբին՝ ամենայն հավանականությամբ երկուշաբթի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը կտեղեկացնի հանրությանը, թե ինչ ծրագրեր ունի Ռոբերտ Քոչարյանը։
Վիկտոր Սողոմոնյանի կարծիքով՝ հսկայական ճնշում կար դատարանի վրա, ինչն ապացուցվեց նաև այսօր ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումով. «Ուրախ եմ, որ դատարանն այդ ճնշումներին չի տրվել եւ արդար որոշում է կայացրել»։
Նա, սակայն, մտահոգություն է հայտնել, որ սոցցանցերում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդարի կոչեր են հնչում.
«Ինչ–որ ստահակներ սկսել են տարածել դատավորի տան հասցեն և հաշվեհարդարի կոչեր անել, սա անթույլատրելի է և դրանով իրավապահները պետք է զբաղվեն»։