
ՀՀ գլխավոր դատախազությունը, ըստ ամենայնի, կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը

ՀՀ գլխավոր դատախազությունը, ըստ ամենայնի, կբողոքարկի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դավիթ Գրիգորյան) որոշումը՝ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ:
«Ակտը կստանանք, վերջնական կորոշվի: Սակայն, ելնելով նախնական կալանքի անհրաժեշտության վերաբերյալ մեր արդեն իսկ արտահայտված դիրքորոշումից, ըստ ամենայնի, որոշումը կբողոքարկվի»,- 168.am-ին ասաց ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանի կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:
Ռոբերտ Քոչարյանը պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել էր, թե Դատախազության բողոքարկումն ապօրինի կլինի, քանի որ, եթե ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը չխախտի պայմանները, պետք է մնա ազատության մեջ: Ըստ նրա՝ կալանավորումը կիրառվում է մի պայմանով, որպեսզի ապահովվի դատավարության ընթացքը: