
ԿԲ-ն չի ողջունում ցածր գնաճը

2019թ. սկզբին պահպանվում է 2018թ. ձևավորված ցածր գնաճային միջավայրը, և Կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն, որի պարագայում, համախառն պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, գնաճը միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ: Այս մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ, որը հաջորդ շաբաթ կներկայացվի ԱԺ-ին:
Ըստ զեկույցի՝ ԿԲ 2019թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի համաձայն՝ գնաճը կանխատեսվող հորիզոնում կձևավորվի նպատակային ցուցանիշի շուրջ: Ներկայումս ԿԲ-ն նախապատվությունը տալիս է գնաճի աստիճանական վերականգնմանը՝ գնահատելով, որ ցածր գնաճը նպաստում է երկարաժամկետ գնաճային սպասումների խրախուսմանը և եկամուտների գնողունակության պահպանմանը:
ԿԲ կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2019թ. տնտեսական աճը կլինի 4.6-6.1% միջակայքում, իսկ միջնաժամկետում կմոտենա իր երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակին:
«Այսօր դեռևս գերակշռում են գնաճի և տնտեսական աճի կանխատեսումներից ներքևի ուղղությամբ շեղման ռիսկերը՝ պայմանավորված թե՛ արտաքին, և թե՛ ներքին գործոններով»,- նշված է զեկույցում: