Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից (հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան): Այս մասին հայտարարեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը, ով Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց սպասում էր Քոչարյանի դուրս գալուն և նշեց, որ նա դուրս է եկել մյուս դռնից՝ ավտոմեքենայով, և արդեն ազատության մեջ է:
Մայիսի 18-ին ավելի վաղ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: Կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը. նրանք դատարանի դահլիճ էին ժամանել մայիսի 16-ին: Նախագահները երաշխավորեցին, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, կներկայանա դատարան և կկատարի դատավարական պարտականությունները: