«Եթե փորձես մյուս անգամ ՀՀ գլխավոր դատախազի հասցեին որևէ բան ասել՝ կվերացնենք Ձեզ ու Ձեր ընտանիքը». Իսագուլյանը՝ հնչած սպառնալիքի մասին
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը երեկ գիշերը ժամը 03:30-ի մոտակայքում ստացել է հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ իր ու ընտանիքի հասցեին՝ հետևյալ բովանդակությամբ. «Եթե փորձես մյուս անգամ ՀՀ գլխավոր դատախազի հասցեին որևէ բան ասել՝ կվերացնենք Ձեզ ու Ձեր ընտանիքը»:
«Ոստիկանությունից եկել, ֆիքսել են, որ այդ ժամին ինձ զանգահարել են: Ընդ որում՝ մի քանի անգամ զանգել են, նոր եմ տեսել: Ես հետ զանգեցի, պարզվեց, որ այդ հեռախոսահամարը պատկանում է մի կնոջ, ով հերթապահ է եղել: Ոստիկանությունը կպարզի, թե որտեղ է հերթապահել:
Այդ կնոջը մոտեցել, ասել են, որ իրենց հեռախոսը չի աշխատում և շտապ հիվանդանոց պետք է զանգեն, խնդրել են հեռախոսն ու զանգել են: Սա ցույց է տալիս, որ կանխամտածված գործողություն է:
Ասեմ, որ թավշյա հեղափոխությունից ուղիղ մեկ ամիս հետո Մասիսում կրկին ահաբեկչական ակտ է տեղի ունեցել: Նռնակով պայթեցրել են եղբորս ու ինձ պատկանող խանութը, որը եղել է շենքի տակ:
Եղբայրս ներսում է եղել ու հրաշքով է փրկվել: Ու էլի սպառնալիքներով, թե չհամարձակվես իշխանությունների մասին բան ասել: Քրեական գործ է հարուցվել, բայց, ցավոք, կասեցրել են, քանի որ չեն կարողանում բացահայտել, թե ո՞վ է արել: Այն ժամանակ ես չցանկացա աղմուկ բարձրացնել, որ մարդիկ չվախենան, բայց սա քանի որ երկրորդ դեպքն է, ուզում եմ, որ առաջին դեպքի մասին էլ իմանան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Իսագուլյանը:
«Երևի իմ գործունեությունը, որը շարունակվում է, շատերի դուրը չի գալիս: Դատախազին, որ համեմատել եմ Սաֆարովի հետ՝ դա փաստ է, իսկ գիշերը ստացել եմ նման սպառնալիքով զանգ: Ընթանում է քննություն»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Արթուր Դավթյանի մասին, վերջինիս հայացքը նույնացրել էր Սաֆարովի հայացքի հետ և նշել, որ Արթուր Դավթյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարող է ուրախացնել թուրքերին:
Անի Կարապետյան