«Փորձում էին ինչ-որ ճնշում գործադրել, որ ես ցուցմունքներ տամ». Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել Վարդգես Գասպարիի գործով: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Նրան մայիսի 17-ին Երևան քաղաքի քննչական վարչություն էին կանչել վկայի կարգավիճակով, սակայն մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո նրան մեղադրանք առաջադրվեց։

Լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանը նշեց, որ հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ իրեն առաջադրված մեղադրանքն անհասկանալի է. «Ինչպես հասկացա, ինձ մեղադրում են այն բանում, որ տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում։ Այս ամենն անհասկանալի է, ինքս ազատ քաղաքացի եմ  և իրավունք ունեմ գտնվել ցանկացած վայրում, եթե տվյալ վայրը սահմանափակում չունի։ Այս ընթացքում բացատրում էին, փորձում էին ինչ-որ ճնշում գործադրել, որ ես ցուցմունքներ տամ։ Ես ինչպես կարող եմ ցուցմունք տալ, եթե չգիտեմ՝ ինչի համար են ինձ մեղադրում»:
Արմեն Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանի խոսքով՝ նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ «ծանր զենք է դիտարկվել ջրի շիշը»։

«Քննիչի կողմից որոշում է կայացվել Արմեն Թավադյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն ներկայացնել դատարան։ Քննությունը կլինի կա՛մ այսօր ուշ գիշերը, կա՛մ վաղը։ Մեղադրանքի էությանն այս պահին, նաև՝ խափանման միջոց կալանք ընտրելու իրավաչափության հարցին չեմ ցանկանում անդրադառնալ, այդ մասին առիթ կունենանք խոսելու դատարանում և դատարանից դուրս»,- շեշտեց փաստաբանը։

Նա համոզված է, որ այս ամենը քաղաքական հետապնդում է, որի համար կան մի շարք հանգամանքներ։

Նա հիշեցրեց, որ ամիսներ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննչական մարմին հրավիրվեց վկայի կարգավիճակով, և նրան մեղադրանք առաջադրվեց։ Ամիսներ անց վկայի կարգավիճակով Արմեն Թավադյանն է հրավիրվում քննչական բաժին, և նրան նույնպես մեղադրանք են առաջադրում։

«Արմեն Թավադյանը հեռուստաընկերության սեփականատեր է, նա բացահայտ կերպով աջակցում է Ռոբերտ Քոչարյանին։ Քննչականի կողմից նույն գործելաոճով աշխատելը՝ կանչել մարդուն  վկայի կարգավիճակով և մեղադրանք առաջադրել, այն էլ՝ այս օրերին, երբ ընթանում էր Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու դատավարությունը, խոսում է մեկ բանի մասին, որ այս ամենը քաղաքական հետապնդում է»,- ընդգծեց Նարեկ Ալոյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ օրեր առաջ,  երբ Արմեն Թավադյանը հրավիրվել էր ոստիկանություն, ներկայացել էր սեփական կամքով։

«Սակայն այսօր մոտավորապես ժամը 12։00-ի սահմաններում վարույթ իրականացնող մարմինները ծանուցագիր են ուղարկել Արմեն Թավադյանին։ Իրավակիրառ պրակտիկայում քննչական ծանուցագրերն ուղարկում են մեկ շաբաթ շուտ, այնտեղ նշվում է, որ անձը կարող է ներկայանալ փաստաբանի ուղեկցությամբ, այսինքն՝ ժամանակ են տալիս, որ անձը դիմի փաստաբանի, իր իրավունքները գիտակցի, և այլն։ Քննչական վարչություն ներկայանալուց հետո մենք մեկ ժամ սպասել ենք, որպեսզի մեզ ընդունի քննիչը։ Այդ ժամանակահատվածում մենք կարող էինք թողնել քննչական բաժինը և գնալ՝ այն հիմքով, որ մեզ քննիչը չի ընդունում»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս