Մերկացած Էմիլի Ռատակովսկին հանդես է եկել աբորտների արգելքի դեմ
Ամերիկացի թոփ-մոդել Էմիլի Ռատակովսկին մերկ է լուսանկարվել՝ հանդես գալով ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգում աբորտներն արգելելու օրենքի դեմ: Լուսանկարը եւ նահանգի սենատորների որոշման մասին իր կարծիքն աղջիկը մայիսի 16-ին զետեղել է իր Instagram-օգտահաշվում։
Լուսանկարում 27-ամյա Ռատակովսկին կեցվածք է ընդունել դեմքով դեպի խցիկը՝ ձեռքով ծածկելով կուրծքը: «Այս շաբաթ 25 սպիտակամորթ տղամարդիկ քվեարկել են Ալաբամայում նույնիսկ ինցեստի եւ բռնաբարության դեպքերում աբորտների արգելք սահմանելու օգտին: Այս տղամարդիկ կանգնած են իշխանության գլուխ եւ իրենց կամքն են պարտադրում կանանց՝ պահպանելու հայրիշխանությունը՝ սահմանափակ տնտեսական հնարավորություններով կանանց զրկելով ընտրության իրավունքից»,-մոդելն իր վրդովմունքն է հայտնել հրապարակմանը կից գրության մեջ:
Այնուհետեւ նա նշել է, որ աբորտները փորձում են արգելել ամենից առաջ այն նահանգներում, որտեղ բնակչության մեջ սեւամորթ կանայք բարձր տոկոս են կազմում, եւ դա, նրա կարծիքով, իսկական ռասիզմ է եւ մարդկային իրավունքների խախտում: «Մեր մարմիններն են՝ մեր ընտրությունը»,-եզրափակել է Ռատակովսկին:
Մայիսի 15-ին ամերիկյան Ալաբամայի նահանգի օրենսդիր ժողովը հավանություն է տվել աբորտների արգելքի վերաբերյալ օրենքին՝ բացառություններ չանելով բռնաբարության եւ ինցեստի դեպքերի համար:
Օրենքի ընդունման օգտին քվեարկել է 25 սանատոր, դեմ են արտահայտվել վեցը: Կանանց ազգային կազմակերպությունն արգելքը համարել է «ոչ սահմանադրական», հայտարարելով, որ դա «աբորտների դեմ հանդես եկող թեկնածուների թափանցիկ փորձն է՝ քաղաքական աջակցություն ապահովելու առաջիկա ընտրություններում»:
Սթեյսի Ֆոքսը՝ «Ընտանիքի պլանավորում» կազմակերպությունից, այդ որոշումը համարել է «սեւ օր Ալաբամայի եւ ամբողջ երկրի կանանց համար»: Իր հայտարարության մեջ նա ասել է որ Ալաբամայի քաղաքական գործիչները «մշտական խայտառակության մեջ են ապրելու այդ քվեարկության համար, եւ մենք հոգ կտանենք, որ յուրաքանչյուր կին իմանա, թե դա ում ձեռքի գործն է»: