Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ այսպես կոչված ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից։
«Ես եկա այն եզրակացության, որ, հաշվի առնելով տնտեսական զարգացման նրա (Թուրքիայի) մակարդակը, նպատակահամար կլինի 2019 թվականի մայիսի 17-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի նշումը որպես զարգացող երկիր – շահառու»,- ասված է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ: Դրան համապատասխան Վաշինգտոնը դադարեցնում է առեւտրի հատուկ արտոնյալ ռեժիմն Անկարայի հետ:
Հաղորդագրության մեջ նշված Է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն իր որոշման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ Թուրքիայի իշխանություններին ծանուցել է վաղօրոք՝ մարտի 4-ին:
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ վերանայում են Թուրքիայի մասնակցությունը ներմուծման համար արտոնությունների ծրագրին, քանի որ անհանգստացած են Անկարայի կողմից դրանից օգտվելու չափանիշների պահպանումից: Բացի այդ, նշվել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման 1,78 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ մաքսեր է սահմանել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: