«Լավ, դու ծնողին հարգելու կարևորությունը չգիտե՞ս». Հայրիկյանը՝ Փաշինյանին

«Ցանկացած կառավարություն մեկ տարվա ընթացքում կարող է տարվա 365 օրերի գործունեության վերաբերյալ ոչ թե 100, այլ 300 փաստ բերել, որ ինչ-որ բան է արել: Կառավարությունը նրա համար է, որ ինչ-որ բան անի: Ասում են՝ 85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար: Եթե դուք էլ գայիք իշխանության և տեսնեիք, որ աղքատ մարդը շատ քիչ է ստանում, այդ շատ քիչը կդառնար քիչ-քիչ: Իսկ  հեղափոխություն կատարածը, այն էլ՝ թավշյա և ժողովրդավարական, պետք է ցույց տար այն քայլը, որով ժողովուրդը լրացուցիչ ժողովրդավարություն ստացավ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Կարևոր է փոխել կեղծված Սահմանադրությունը: Երբ մենք ենք ասում, ու անտեսում ես, հասկացանք, բոլշևիկյան միջակության բարդույթ ունես ԱԻՄ-ի, Հայրիկյանի նկատմամբ, դու չես կարող անցնել Հայրիկյանի անցած ճանապարհը, բայց երբ Լևոն Տեր-Պետրոսյանն է ասում, որ Սահմանադրությունը պետք է փոխել, դու դա էլ ես արհամարհում: Լավ, դու ծնողին հարգելու կարևորությունը չգիտե՞ս»,- խոսքն ուղղելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Պարույր Հայրիկյանը:

Ինչ վերաբերում է մեկ տարվա ընթացքում կատարված դրական փոփոխություններին՝ ԱԻՄ առաջնորդը նկատեց.

«Դրական փոփոխություն հիմնականում տեղի է ունեցել առաջին օրերին, երբ հեղափոխություն եղավ: Իհարկե, չեմ կարող ուրանալ մեկ բան. նախկինում լրատվամիջոցներն իշխանությունների վերահսկողության ներքո էին, հիմա այդպես չէ»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ի՞նչ է հիմնականում ակնկալում իշխանությունից, Հայրիկյանը պատասխանեց.

«Ամենակարևորն այն էր, որ քաղաքացիներն իսկապես տեր դառնային իրենց ճակատագրին, իսկ դա կարելի է անել բացարձակ ժողովրդավարության մոդելը Հայաստանում որդեգրելով»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս