«50.000 աշխատատեղերը չեն ստեղծվել, անգամ ստվերից դուրս չեն եկել». «Ժառանգություն» կուսակցության նախագահ
«Հայաստանի նկատմամբ արտաքին և ներքին քաղաքական վտանգների առկայությունն օրեցօր ավելի երևացող է դառնում: Սա կարելի է հանգամանքով պայմանավորել, առաջինը դա իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի քաղաքական դալտոնիզմի արդյունքն է, երբ որ հասարակությունն ու քաղաքական դաշտն ամբողջովին տեղավորելով սևերի ու սպիտակների միջև՝ ոչ միայն խորը անջրպետ կառուցեց հասարակության ներսում, այլև իր գործիքակազմով ստիպեց նախկին ռևանշիստներին համախմբվել և պայքարի մեջ մտնել հայաստանյան նոր իրողությունների, արժեքների դեմ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը:
«Բացի դրանից՝ իշխող քաղաքական ուժը վերջին շրջանում հատկապես իր հրապարակային գործունեության արդյունքում որոշակի թերացումներ է ցույց տալիս: Վարչապետը Ստրասբուրգի բարձր ամբիոնից ի լուր աշխարհի շեշտեց, որ Հայաստանում բացվել է 50.000 աշխատատեղ: Առաջինը «Ժառանգություն» կուսակցությունն էր, որ բարձրաձայնեց այս խնդրի մասին: ՀՀ-ում վիճակագրական տվյալների ներքո արված եզրահանգումների արդյունքում մենք կարող ենք ասել, որ այդ աշխատատեղերը չեն ստեղծվել, անգամ ստվերից դուրս չեն եկել:
Պարոն Փաշինյանը Ստրասբուրգում շեշտեց իր իշխանության 10 ամիսները, սակայն «Ժառանգություն» կուսակցության բաց նամակին ներկայացրեց մեկ այլ թվային մանիպուլյացիա, որն ընդգրկում էր 2018 թվականի հունվարից մինչև 2019թ. հունվար ամիսները:
Մենք պնդում ենք, որ նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների նկատմամբ ինքը որևէ ազդեցություն չուներ և իրավունք չուներ:
Ըստ վիճակագրական տվյալների՝ մայիսին, երբ հեղափոխությունը հաղթեց Հայաստանում, և վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում կար 540.000 գրանցված աշխատատեղ, և նրա իշխանության օրոք այդ թիվը բարձրացել է 20.000-ով և մի փոքր ավելի: Կարծում են՝ նման թվային մանիպուլյացիան հին գործիքակազմ էր, որից օգտվում էր նախկին իշխանությունը: Մեզ անընդհատ հրամցնում էին ինչ-որ վիճակագրական տվյալներ, որ մենք լավ ենք ապրում, սակայն ՀՀ քաղաքացին դա չէր զգում»,- հավելեց «Ժառանգություն» կուսակցության նախագահը:
Անի Կարապետյան