Ինչի հույսին է մնացել տնտեսական հեղափոխությունը

Մինչ չկան ներդրումներ, կամ դրանց ծավալները շատ փոքր են, Նիկոլ Փաշինյանի հռչակած տնտեսական հեղափոխությունը մնացել է վարկերի հույսին։ Տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը պետք է դառնա ֆինանսական համակարգը, մասնավորապես՝ բանկերը և մատչելի վարկերը, ոչ վաղ անցյալում հայտարարում էր վարչապետը, ով մինչ այդ էլ վարկերի հետ էր կապում Հայաստանի տնտեսության թռիչքային աճը։

Հիշենք, թե նա ինչ էր ասում մի քանի ամիս առաջ` բերելով բանկային համակարգի որոշ ցուցանիշներ. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն` մայիսից մինչև օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10,5 տոկոսով, վարկերը աճել են 7 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10,4 տոկոսով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4,3 տոկոսով։ Ավանդներն աճել են 9,2 տոկոսով»։

Թե վարկերի ավելացումից հետո որքանո՞վ է Հայաստանի տնտեսությունը թռիչքի մեջ, վկայում են տնտեսական ցուցանիշները։ Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ տնտեսության վիճակը նախաձելի չէ։

Տնտեսական ակտիվությունը մնացել է առևտրի ու ծառայությունների վրա, որտեղ արձանագրվող աճերը քիչ կապ ունեն տնտեսության իրական զարգացումների և պահանջարկի հետ։ Իրավիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով` փչվում է շինարարության փուչիկը, որը, դեռ հարց է, թե ինչքան կարող է շարունակվել։ Մինչդեռ տնտեսության իրական հատվածը, որը պետք է դառնար տնտեսական թռիչքի և հեղափոխության հիմքը, սառել է։ Գրեթե ակտիվություն չկա։ Պատահական չէ, որ թռիչքի մեջ գտնվող Հայաստանի տնտեսությունից մեծ ակնկալիքներ չունեն նաև միջազգային փորձագետները, որոնք նույնիսկ աճի դանդաղում են կանխատեսում առնվազն այս տարվա համար։

Ահա սա է հեղափոխության ճանապարհը բռնած Հայաստանի տնտեսության իրական պատկերը։ Այն փոխելու հույսը մնացել է վարկերը։

Վարկերով ինչքան տնտեսական թռիչք ապահովեցինք, այնքան էլ տնտեսական հեղափոխություն կանենք։ Առնվազն միամտություն է տնտեսության ֆինանսական ապահովվածությունը փնտրել վարկերի մեջ։

Բանկային կապիտալն ամենևին էլ ֆինանսական այն աղբյուրը չէ, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ տնտեսական գործընթացներում։ Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ տնտեսության համար վարկերի արդյունավետությունը չափազանց ցածր է։ Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ բանկային համակարգը պետք է ֆինանսավորի այդ գործընթացները և վարկերը մատչելի դարձնի, միևնույն է, դրանով շատ բան չի փոխվում. վարկերը թանկ փողեր են, որոնք չեն կարող էական ազդեցություն ունենալ տնտեսական զարգացման վրա։ Առավել ևս, նպաստել տնտեսության որակի բարձրացմանը։

Ի վերջո, անթույլատրելի է բանկերին պարտադրել անել ավելին, քան կարելի է։ Վարչական միջամտություններով վարկերը մատչելի դարձնելը հղի է լուրջ հետևանքներով՝ ինչպես բանկային, այնպես էլ՝ ամբողջ ֆինանսական համակարգի համար։ Նման իրավիճակների Հայաստանի բանկերը ժամանակին բախվել են, երբ պետական մակարդակով պարտադրում էին վարկեր տրամադրել։ Չկարողանալով հետ բերել գումարները` բազմաթիվ ֆինանսական հաստատություններ կանգնեցին լրջագույն խնդիրների առջև, առանձին դեպքերում դրանք սնանկացան ու փակվեցին` թողնելով իրենց գումարները կորցրած ավանդատուների բավական մեծ բանակ։

Իհարկե, այսօր Հայաստանի բանկային հատվածի ֆինանսական ապահովվածությունը բոլորովին այլ մակարդակի վրա է։ Բայց դա չի նշանակում, թե անհարկի միջամտությունները չեն կարող խարխլել համակարգի կայունությունը։ Անհրաժեշտ է հնարավորինս հեռու մնալ բանկերին մատչելի վարկեր տրամադրել պարտադրելու գայթակղությունից, ինչի նշաններ կարծես կան։

Որ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելն այսօր բավական ակտիվ ավելանում է, դեռ հիմք չէ տնտեսական հեղափոխության ապագան դրա հետ կապելու համար։ Հատկապես, որ տեղաբաշխվող միջոցների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում սպառողական վարկերը։ Գումարներ, որոնք մարդիկ վերցնում են առօրյա խնդիրներ լուծելու համար։ Դրանք ունեն գերազանցապես սպառողական նշանակություն և ամենևին էլ լավ օրից կամ ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությունից չէ, որ մարդիկ դիմում են բանկերի օգնությանը։

Պատահական չէ, որ մինչ սպառողական վարկերն ավելանում են, ավանդների աճը դանդաղում է։ Ու դեռ հարց է, պետք է հպարտանա՞լ, թե՞ մտահոգվել սպառողական վարկերի ավելացումից։

Վերջին մեկ տարում բանկերի վարկային պորտֆելի աճի գրեթե կեսը բաժին է ընկել սպառողական վարկերին։ Ապրիլի 1-ի դրությամբ դրանք հասել են 744 մլրդ դրամի։ Այն կազմում է բանկային վարկերի ավելի քան 25 տոկոսը։ Միայն անցած մեկ տարում դրանք ավելացել են 196 մլրդ դրամով կամ գրեթե 36 տոկոսով։

Սա այն հատվածն է, որտեղ վարկերի տեղաբաշխումն ամենաշատն է եղել։ Թեև նկատելի է ակտիվություն նաև այլ ոլորտներում, այնուհանդերձ, ոչ այնքան, որքան սպառողական վարկերի դեպքում։ Անգամ հիպոթեքային վարկերը, որոնց մասին վերջին շրջանում այդքան շատ է խոսվում, նախորդ մեկ տարում ավելացել են 27 տոկոս կամ 60 մլրդ դրամով։

Վարկային ակտիվությունն անհամեմատ ցածր է հատկապես տնտեսության իրական հատվածում. Գյուղոլորտի վարկային պարտֆելը վերջին մեկ տարում որևէ փոփոխություն չի կրել։ Այն ինչպես եղել, այնպես էլ մնացել է 138 մլրդ դրամի սահմաններում։ Նույնիսկ մի բան էլ նվազել է։

Շուրջ 19 մլրդ դրամով կամ ընդամենը 4 տոկոսով ավելացել են արդյունաբերությանն ուղղված բանկային ներարկումները։ Բայց արդյո՞ք դա այն գումարն է, որի հետ կարելի է լուրջ հույսեր կապել։ Հատկապես որ, շատ հաճախ տնտեսությունը ստիպված է մտնում նման ծանրության տակ։

Ի տարբերություն վարկերի, տնտեսության համար մեծ կարևորություն ունեն մասնավոր ներդրումները, որոնք իսկապես կարող են լուրջ դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության առաջիկա զարգացումների, առավել ևս՝ տնտեսական հեղափոխության իրականացման գործում։ Բայց քաղաքական հեղափոխությունը ներդրումների առումով առայժմ ոչինչ կամ գրեթե ոչինչ չի տվել Հայաստանի տնտեսությանը։ Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո այս ոլորտում ակտիվություն չկա։ Հույս չկա, որ դա կլինի նաև մոտակա ժամանակներում։

Այս պայմաններում բնավ էլ զարմանալի չէ, որ վարչապետը կամ կառավարությունը տնտեսական հեղափոխության ակնկալիքները կապում են բանկային կապիտալի հետ։ Բայց դա այն ռեսուրսը չէ, որը կարող է լինել տնտեսության շարժիչ ուժը։ Երբ չկան արտաքին ներդրումներ, պետք է մտածել գոնե ներքին ներդրումային կապիտալն արթնացնելու և տնտեսության զարգացումներին ուղղելու մասին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս