ՊԵԿ. հայտնաբերվել են առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր. Կոմիտեն նախազգուշացնում է

Պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) պարտադիր դրոշմավորման ենթակա ավտոյուղեր իրացնելու վերաբերյալ այդ ոլորտի պաշտոնական ներկրողների կողմից ստացված բողոքների կապակցությամբ՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքում ու ՀՀ մարզերում գործող մի շարք ավտոյուղման կետերից և ավտոյուղեր վաճառող խանութներից հայտնաբերվել են առանց ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի, պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների «ՌՈՍՆԵՖՏ», «ՇԵԼ», «ԶԻԿ», «ՉԵՄՊԻՈԼ», «ՌՈԼՖ», «ԿԱՍՏՐՈԼ», «ՄՈԲԻԼ»« «ՎՈԼԳԱ», «ՖԱՆՖԱՐՈ», «ՄԱՆՈԼ» և «ՕՐԻԳԻՆԱԼ ԲՄՎ ԷՆՋԻՆ ՕԻԼ» ապրանքային նշանների, տարբեր տարողությամբ տարրաներով մեծ քանակությամբ ավտոյուղեր: Դրանք հետազոտման համար տեղափոխվել են Պետական եկամուտների կոմիտե:

Նկատի ունենալով, որ հիշյալ դեպքերի կապակցությամբ կազմված նյութերն առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի հատկանիշներ` նյութերը փոխանցվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության հետաքննության բաժին` քրեաիրավական գնահատական տալու համար:

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ անօրինական ճանապարհներով, այդ թվում նաև պարտադիր դրոշմավորման ենթակա, սակայն առանց դրոշմապիտակների (կամ դրոշմանիշներով) ապրանքների ձեռքբերումներից և վաճառքից՝ նախազգուշացնելով, որ ՊԵԿ-ի կողմից, իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, նմանատիպ իրավախախտումները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս