
Թբիլիսիի փողոցներում սկսել են երթևեկել նոր 10-մետրանոց ավտոբուսներ

Թբիլիսիում սկսել են երթեւեկել կանաչ գույնի նոր տասմետրանոց ավտոբուսներ:
MAN մակնիշի կանաչ գույնի նոր 10-մետրանոց ավտոբուսների շնորհանդեսը տեղի է ունեցել մայիսի 8-ին Թբիլիսիում: Նոր ավտոբուսներից մեկով շրջել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն՝ լրագրողների հետ միասին: Քաղաքապետարանը գնել է 90 նոր ավտոբուս, եւ դրանցից 50-ն արդեն գտնվում են մայրաքաղաքում:
Մայիսի 13-ից թիվ 95 երթուղով՝ Մուխիանի բնակավայրից մինչեւ Բարաթաշվիլի փողոց, այսօրվանից կերթեւեկի ութ նոր ավտոբուս, իսկ թիվ 85 ուղեգծով՝ Վակե-Սաբուրտալո շրջանաձեւ երթուղով՝ չորս նոր ավտոբուս: «Իհարկե, դա բավարար չէ հասարակական տրանսպորտը կարգի բերելու համար: Մինչեւ տարեվերջ կստացվեն 220 նոր ութմետրանոց ավտոբուսներ»,-ընդգծել է Կալաձեն:
Ավտոբուսները կսարքավորվեն օդորակիչներով եւ օդափոխիչներով, ձայնային տեղեկատվական համակարգով, տեսամոնիթորինգի համակարգով, USB լիցքերով, անլար Համացանցով: Կալաձեն ընդգծել է, որ ավտոբուսներն աշխատելու են Եվրո-6 դիզելային վառելիքով, հաղորդել է Sputnik-ը: