«Գնացել եք Բրյուսել, որ ի՞նչ անեք». Աշոտյանը՝ Փաշինյանին
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր պարզվեց, որ Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը չի մասնակցելու Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ:
Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են այսօր և դրանց գագաթնակետն ու ամենակարևոր միջոցառումը հենց այդ համաժողովն է, որից, փաստորեն, Հայաստանի վարչապետը բացակայելու է:
Առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ողջ հոբելյանական ծրագրից ներկա է գտնվելու միայն այսօր երեկոյան Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից կազմակերպվելիք տոնական ճաշկերույթին և համերգին, իսկ քաղաքական միջոցառմանը՝ ընդլայնված ձևաչափով բարձր մակարդակի կոնֆերանսին, Հայաստանը վաղը ներկայացված կլինի ընդամենը արտգործնախարարի մակարդակով:
Այս պահին կարող եմ ենթադրել այս քայլի երեք հիմնական պատճառ, որոնցից և ոչ մեկը սակայն չի արդարացնում Հայաստանի վարչապետի վաղվա բացակայությունը:
Վարկած N1: Ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը շտապում է Պեկին և ժամերի խնդիր ունի: Իհարկե, այս այցը նույնպես կարևոր կլինի, հատկապես «Մեկ ճանապարհ: Մեկ գոտի» ֆորումին բացակայելուց հետո: Սակայն չի կարելի մի գործընկերոջ հետ հարաբերություններ կառուցել մյուսի քթի տակից ամենակարոևր միջոցառումից բացակայելով: Կարելի էր ավելի լավ աշխատել այցերի ժամանակացույցի և արարողակարգի վրա և խուսափել այս մեծ անախորժությունից, որն կարող է նստվածք թողնել Բրյուսելում:
Վարկած N2: Նիկոլ Փաշինյանը չի մոռացել և չի ներել Յունկերին իր Բրյուսելյան այցի մամլո ասուլիսի կեսից գնալու փաստը, և այս անգամ որոշել է մասնակցել միայն Տուսկի միջոցառմանը, իսկ Յունկերինը՝ բաց թողնել: Չեմ ուզում հավատալ, որ այս վարկածը իրականության հետ աղերս ունի, քանզի կվկայի ԵՄ-Հայաստան հարաբերություններում շատ խորը և համապարփակ կնճիռների մասին:
Վարկած N3: Վերջին շաբաթներին շատ է խոսվել ԵՄ-Ադրբեջան նոր ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախաստորագրման մասին, որի առնչությամբ ես բարձրաձայնել եմ նաև անհանգստություններ՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ձևակերպումների հետ: Եթե վաղը հայտարարվի այս համաձայնագրի նախապատրաստման ավարտի մասին և պարզվի, որ մեր կառավարությանը չի հաջողվել ԵՄ-ից ստանալ Արցախի հարցով Հայաստանի պայմանագրի հետ համադրելի և նույնական ձևակերպումներ, ապա գուցե Նիկոլ Փաշինյանը որոշել է բացակայել այս միջոցառումից և ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ու տհաճությունը բարդել արտգործնախարարի վրա:
Սակայն, եթե պարզվեց, որ սա է իրականությունը և Հայաստանի այսօրվա կառավարությանը չի հաջողվել ամրապնդել մեր, դեռևս 2017 թվականի նոյեմբերին տարած դիվանագիտական հաղթանակը, ապա այս խմորը մեկ է, դեռ շատ ջուր կքաշի:
Թվարկածս միայն վարկածներ են, և լավ կլինի, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ բացատրի հայ հասարակությանը այս թյուրիմացության իրական պատճառները, որը չի համապատասխանում և համահունչ է չէ Հայաստան-ԵՄ տարիների ընթացքում ձևավոևված հարաբերություններին»: