Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և դատավոր Դավիթ Գրիգորյանի կապը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին դատական նիստը։

Հայտարարված ընդմիջումից հետո Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վարդան Գրիգորյանին՝ համարելով, որ իր պատասխաններով վերջինս չի փարատել իրենց կասկածները առ այն, որ ինքը արտադատարանական շփումներ ունի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ, բացի դրանից, հստակ պատասխան չհնչեց այն հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք ինքը ողջ ծավալով ծանոթ է այս գործի նյութերին։ Ինքնաբացարկի համար պատճառ է նաև այն հանգամանքը, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ), և այդ փաստը կարող է կաշկանդել նրան։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես միացավ ինքնաբացարկի միջնորդությանը։

Դատարանն անցավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը քննության առնելու համար, և քանի որ աշխատանքային օրը մոտենում էր ավարտին, դատարանը որոշեց դատական հաջորդ նիստի օր նշանակել ս/թ մայիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, այսինքն՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը։

Ի դեպ, 2006-2007 թվականներին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եղել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների՝ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազը (զոնալ դատախազը), իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանն այդ նույն ժամանակահատվածում եղել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ, որն անմիջական, ուղիղ աշխատանքային և մտերիմ շփումներ է ունեցել Արթուր Դավթյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս