Բաժիններ՝

«Աղբի պրոբլեմը Հայաստանում ամենամեծ պրոբլեմն է». Փաշինյան

«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի մասնակիցները հնարավորություն ունեին նաև հարցերով դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Լանջաղբյուր գյուղի բնակիչ Սերգո Բազեյանը, ով որոշել է ոչխարներ ներմուծել Ռուսաստանից, իր դժգոհությունը հայտնեց տոհմային անասունների սուբսիդավորման՝ Կառավարության ծրագրերից՝ նշելով, որ այն միայն խոշոր եղջերավորների համար է.  «Ոչխարներն ինչո՞վ են պակաս կովերից»։

Վարչապետն առաջարկեց պատասխանը լսել համաժողովին ներկա Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանից։

Փոխնախարարը տեղեկացրեց, որ մի երկու ամսից Կառավարությանը կներկայացվի նոր ծրագիր, որտեղ կանդրադառնան նաև այդ խնդիրներին. «Աշնանը պատրաստ կլինի, և ժողովուրդը կկարողանա օգտվել»։

Սևանի արևելյան ափում տնտեսական գործունեության մասին հարցին ի պատասխան՝ վարչապետը նկատեց, որ պլանավորում են ակտիվացնել այդ հատվածի  տնտեսական զարգացումը։

Աղբի խնդրին անդրադառնալով՝ վարչապետը նշեց, որ այն ՀՀ-ում ամենամեծ պրոբլեմն է. «ՀՀ-ում պետք է ծխող ու ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակ ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի… Էստեղ առաջին հերթին՝ մտքի հեղափոխություն է պետք»։

Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ աշխատում են աղբի հավաքագրման, վերամշակման  արդյունավետ համակարգ ունենալու համար։

«Ես ասել եմ, որ կհամարեմ, որ Հայաստանում հեղափոխությունը շատ կոնկրետ իր վերջնական նպատակներից մեկին հասել է, եթե մենք կարողանանք Հայաստանն աղբից ազատել, հին ավտոմեքենաների կուզովներից…»,- հիշեցրեց վարչապետը։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս