
«EXPO» ցուցահանդես և բիզնես գաղափարներ. «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողով

«Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ընթացքում կազմակերպված տեղական արտադրանքի EXPO» ցուցահանդեսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը շրջեց սեղաններով։
Համաժողովը շարունակվում է։ Ներկայացվեցին բազմաթիվ ներդրումային գաղափարներ ու տարբեր ծրագրեր` ջրամբարների կառուցում, տուրիստական թաղամաս՝ Սևանա լճի ափին, հեծյալ տուրիզմի, նաև ձիաբուծության զարգացում, տուրիստական բիզնես կենտրոնի հիմնանորոգում, համալսարանական հանրակացարանի կառուցում, ուսանողական քաղաքի հիմնում և այլն։
«Կառուցենք թաղամաս հենց Սևանա լճի մոտակայքում, որը կունենա թեթև կոնստրուկցիաներ՝ փայտե երեսապատումով, և այս քաղաքում արգելված կլինի մեքենաների առկայությունը»,- Սևան Ազգային պարկի ճարտարապետը՝ Հայկ Բաբայանը ներկայացրեց տուրիզմի զարգացմանն ուղղված նախագիծը։
Նա նշում է, որ տեղանքը պատահական ընտրված չէ, քանի որ այս տարածքում արդեն ունեն ներդրող, ով ուզում է ներկայացնել իր առագաստանավերը։ Սևան Ազգային պարկի ճարտարապետը տեղեկացնում է, որ բազմաթիվ նախագծեր ունեն, որոնք ուղղված են տարածաշրջանի համաչափ զարգացմանը։
Դանիացի և նորվեգացի կամավորներ Սևերն և Եփեն իրենց հայ ընկերոջ՝ Արթուրի հետ նախապատրաստել էին նախագիծ, որի նպատակն էր Կիլիկիան նավահանգիստ Այասի նմանությամբ նավահանգստի հիմնումը՝ նավագնացության զարգացման նպատակով։ Ըստ կամավորների՝ ծովամերձ միջազգային համայնքի գաղափարն է միավորել նրանց։
«Ստարտափների դարաշրջանում բազմաթիվ ուսանողներ և ձեռնարկատերեր փնտրում են համաբնակեցման տարածքներ, որտեղ կգտնեն թիմակիցների, կաշխատենք իրենց ստարտափների վրա։ Այսպիսի տարածքները հանրահայտ են ամբողջ աշխարհում, բայց Հայաստանում դեռ գոյություն չունեն»,- ասում է Եփեն։
Նրանք տեղեկացրին, որ Դիլիջանի դպրոցն ավարտելուց հետո փնտրել են նման տարածք՝ համաբնակեցման համար։
Զարուհի Դիլանյան