«Ֆլեշ» ՍՊԸ ընկերությանն առնչվող 3-րդ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է. մեղադրյալը ընկերության տնօրենն է. «Փաստինֆո»
«Ֆլեշ» ՍՊԸ ընկերության տնօրենի կողմից իր աշխատակցի եւ վերջինիս ընտանիքի նկատմամբ կյանքի եւ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքով նրանցից 13 միլիոն 200 հզ դրամի ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը։
Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 7-ին Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում էր ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, խաբեությամբ, սպառնալիքներ տալու եղանակով, հափշտակել է 15 000 000 ՀՀ դրամ գումար:
Նախնական տվյալներով՝ 2010-2011թթ. ընթացքում «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենը գրասենյակ է հրավիրել այդ աշխատակցին՝ բենզալցակայանի վարիչին, վերջինիս մեղադրել հափշտակություն կատարելու մեջ, սպառնացել նրա որդուն և պահանջել որպես փոխհատուցում վճարել 3 000 000 ՀՀ դրամ գումար: Ստանալով պահանջված գումարը՝ աշխատակցին հայտնել է, թե սխալ հաշվարկ է կատարվել, հափշտակված գումարի չափն ավելի մեծ է՝ պահանջելով ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը պահանջել է նաև, որպեսզի աշխատակցի որդուն պատկանող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան տեղափոխեն ընկերությանը պատկանող բազա՝ հայտնելով, որ գումարը վճարելուց հետո միայն այն կվերադարձնի: Բենզալցակայանի վարիչն ստիպված վճարել է ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար և վերցրել հիշյալ ավտոմեքենան: Այնուհետև, ըստ քրեական գործի նյութերի, ՍՊ ընկերության տնօրենը աշխատակցին հրավիրել է ընկերության գրասենյակ և վերջինիս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ պարտադրել է ստորագրել ևս 7 000 000 ՀՀ դրամ գումարի չափով պարտավորագիր: Պահանջվող գումարը վճարելու համար՝ ՍՊ ընկերության աշխատակիցը գրավադրել է իր բնակարանը և ՍՊ ընկերության տնօրենին փոխանցել 7 000 000 ՀՀ դրամ գումարը:
«Փաստինֆո»-ն հետաքրքրվել էր՝ նախաքննությամբ հիմնավորվե՞լ են արդյոք «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից բենզալցակայանի նախկին վարիչին հափշտակության մեջ մեղադրելու մասին վերջինիս կնոջ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները։ Խնդրել էինք նշել՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք առաջադրվել է թե ոչ, եւ եթե այո, ապա որ հոդվածով եւ ինչ խափանման միջոց է ընտրվել նրա նկատմամբ։ Հետաքրքրվել էինք՝ քրեական գործով կա՞ն այլ մեղադրյալներ թե՞ ոչ, եւ ի՞նչ փուլում է գտնվում գործն այս պահին։
Հարցման պատասխանում ասվում է, որ վարույթն իրականացվող մարմնի կողմից քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ «Ֆլեշ» ՍՊԸ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 322-րդ հոդվածի 2-րդ մասի՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված ինքնիրավչության հատկանիշներով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրացնելով՝ ընկերության բենզալցակայանի վարիչից, վերջինիս եւ նրա ընտանիքի անդամի կյանքի եւ առողջության համար բռնություն գործադրելու սպառնալիքով 13.200.000 դրամ պահանջելու եւ մաս-մաս ստանալու համար։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: