Բաժիններ՝

Ֆրանսիացի սպաներ Վրաստանի օդանավակայաններո՞ւմ. Վրաստանը միջոցներ կձեռնարկի անօրինական արտագաղթը կրճատելու համար. jam-news.net

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքով՝ ապաստան խնդրելու դիմումները կարող են խնդիրներ ստեղծել առանց վիզայի հաղորդակցության համար:

Այցով Վրաստանում գտնվող Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաները երկու երկրների միջև գլխավոր մարտահրավերն անվանում է Վրաստանից անօրինական միգրացիայի աճը: Նրա խոսքով՝ եթե այդպես շարունակվի, ապա ապագայում կարող է առաջ գալ Վրաստանից «Եվրոպա ազատ մուտքի» սահմանափակման հարց: Դրանից խուսափելու համար Վրաստանը պատրաստ է իր տարածք թողնել Ֆրանսիայի իմիգրացիոն ծառայության սպաների:

Ապաստան փնտրողները՝ գլխավոր խնդիր

Ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը Վրաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո, Վրաստանն անվտանգ երկիր է, որտեղ պատերազմ չի ընթանում, ուստի ապաստան փնտրողների այդպիսի մեծ թիվը անընդունելի է և «վիրավորական Վրաստանի համար»:

«Եթե մենք չաշխատենք այդ ուղղությամբ, վաղը Վրաստանի ազատ մուտքը Եվրոպա կարող է սահմանափակվել»,- ասել է Կրիստոֆ Կաստաները:

Նրա խոսքով՝ ինքը չի քննարկել առանց վիզայի ռեժիմը կասեցենելու հարցը, քանի որ Վրաստանի հետ գործակցությունը շարունակվում է, բայց այդպիսի հավանականություն կա:

Վրաստանից Ֆրանսիայում ապաստան փնտրողների թվի աճը հաստատել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարը: Գիորգի Գախարիայի խոսքով՝ կառավարությունն ունի խնդրի լուծման «հստակ ծրագիր»:

Նա նաև նշել է, որ ապաստան փնտրողների թվի աճը այն բանից հետո, երբ Վրաստանը միանգամայն արժանիորեն ազատ վիզային հաղորդակցության իրավունք ստացավ, բնական և սպասելի գործընթաց էր:

«Մոտ երկու տարի է, ինչ Վրաստանը վիզային ազատ հաղորդակցություն ունի, և մինչ օրս եղած տվյալներով՝ ավելի քան 400 հազար վրացի է այցելել Եվրոպա, նրանց մեծ մասը չեն խախտել որևէ օրենք: Բացարձակ մեծամասնությունը վերադարձել է Վրաստան, և նրանք այստեղ են բերել էլ ավելի շատ Եվրոպա, ինչպես նաև հնարավորություն են ստացել ավելի շատ մշակութային ազդակների փոխանակության»,– ասել է ներքին գործերի նախարարը:

Նրա խոսքով՝ «առանց վիզայի հաղորդակցությունը վերջին տասնամյակում Վրաստանի կարևորագույն ձեռքբերումն է: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որոնք շատ լավ են հասկանում՝ ինչ է նշանակում պահպանել այդ ձեռքբերումը՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության զարգացման»:

Ֆրանսիացի սպաներ Վրաստանում

Գիորգի Գախարիան նշել է, որ ստեղծված խնդիրը լուծելու համար Ֆրանսիայի հետ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ միգրացիան վերահսկելու համար Վրաստանի միգրացիոն ծառայության աշխատակիցները կաշխատեն Ֆրանսիայում, իսկ Ֆրանսիայի համապատասխան ծառայության աշխատակիցները՝ Վրաստանում:

«Ֆրանսիայի իմիգրացիոն ծառայության աշխատակիցները ներկայացված կլինեն Վրաստանում, իսկ Վրաստանի էմիգրացիոն ծառայության աշխատակիցները՝ Ֆրանսիայում, այն քաղաքներում, որտեղ գործում են ուղիղ չվերթներ»,- ասել է Գախարիան:

Նրա խոսքով՝ նման միջոցառումներն անհրաժեշտ են ապաստան փնտրողների հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար:

2019թ. ապրիլից նման փորձ գոյություն ունի Ավստրիայի հետ. այն բանից հետո, երբ Քութայիսիի օդանավակայանից Վիեննա չվերթ բացվեց, Վրաստանից այդ չվերթով թռչող ուղևորներին օդանավակայանում ստուգում են Եվրոպական միության՝ արտաքին սահմանների անվտանգության գործակալության (FRONTEX) ներկայացուցիչները:

Եվրոպայում ապաստան փնտրողների վիճակագրությունը

2019թ. հունվարին Վրաստանից Ֆրանսիայում ապաստան փնտրողների թիվը կազմել է 920 մարդ: 2018թ. հունվարի համեմատությամբ այդ ցուցանիշը աճել է կրկնակի, իսկ 2017թ. առաջին ամսվա համեմատությամբ, երբ առանց վիզայի ռեժիմը դեռ չէր գործում՝ քառակի:

Այսօրվա դրությամբ Եվրոպայում Վրաստանից ապաստան փնտրողների համար Ֆրանսիան հիմնական ուղղությունն է: Երկրորդ տեղում Գերմանիան է, որտեղ 2019թ. հունվարի տվյալներով՝ ապաստան է խնդրել Վրաստանի 550 քաղաքացի: Գերմանիայի դեպքում անկում է գրանցվել. 2018թ. հունվարին այնտեղ ասպաստանի համար դիմել էր Վրաստանի 755 քաղաքացի:

Եվրոստատի տվյալներով՝ 2018թ. Վրաստանից Եվրամիությունում ապաստան է խնդրել 17 980 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր ապաստան փնտրողների 3%-ը: Այդ թիվը 11%-ով ավելի ցածր է, քան 2017թ. ցուցանիշը:

ԵՄ-ում ապաստան խնդրողների շարքում Վրաստանի քաղաքացիները զբաղեցրել են 10-րդ հորիզոնականը: Ֆրանսիայում, Իռլանդիայում, Չեխիայում, Դանիայում և Լիխտենշտեյնում ապաստան խնդրող Վրաստանի քաղաքացիները հայտնվել են առաջին եռյակում:

Ապաստան տրամադրելու հարցերով եվրոպական բյուրոյի (EASO) տվյալներով՝ 2016թ. հետ համեմատությամբ 2017թ. վիզայի ազատականացումից հետո Եվրամիության երկրներում Վրաստանից ապաստան խնդրողների թիվն ավելացել է 35%-ով:

jam-news.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս