«Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է». Էքրեմ Իմամօղլու
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հարցազրույց է տվել անգլիական Times թերթին և ընդգծել, որ Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգված է։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Միջանկյալ նշենք, որ Իմամօղլուն մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ էր ընտրվել, սակայն կարճ ժամանակ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքները չեղյալ էին հայտարարվել։
Ընդդիմադիր թեկնածուն նշել է, որ հունիսի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին շրջելու է Ստամբուլի բոլոր թաղամասներում։
Նրա խոսքով՝ այս ընտրություններին CHP֊ն ավելի լավ է պատրաստվում։
«Մարդիկ աղոթում էին, որ այդպիսի որոշում չընդունվեր, սակայն մենք պատրաստ ենք։ Փորձել եմ հույս ստեղծել, որպեսզի կարողանանք սկսել ժողովրդավարության համար մեր պայքարը»,֊ասել է նա։
Թեկնածուն փոխանցել է, որ արտասովոր հավատ է նկատում մարդկանց մոտ և ինքն իրեն համարում է նրանց դեմքն ու ձայնը։
Թերթում ասվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները գրեթե ամբողջովին դուրս են մղվել լրատվական դաշտից, քանի որ մամուլի գերակշիռ մասը պատկանում է ներկայիս իշխանություններին։