
Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքում է. նա մասնակցում է բիզնես համաժողովին

Գեղարքունիքի մարզի Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում մեկնարկեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը։
Ողջունելով համաժողովի մասնակիցների՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ասաց.
«Գեղարքունիքի մարզի կազմավորումից ի վեր նման համաժողով մարզում առաջին անգամ է անցկացվում։ Գեղարքունիքի մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։ Հաշվի առնելով օր օրի աշխարհում առաջացող քաղցրահամ ջրի խնդիրը, Գեղարքունիքի մարզը դառնալու է աշխարհի կարևոր տարածաշրջաններից մեկը»:
«Այսօրվա մեր համաժողովին մասնակցում է 110 գործարար, նրանցից 72-ը՝ արտերկրից։ Նրանք տարբեր երկրներից են՝ ԱՄԷ, Չինաստան, Ֆրանսիա, Իտալիա, Քուվեյթ, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան։ Հատկապես ՌԴ-ից, Ուկրաինայից ու Ղազախստանից ժամանած գործարարները, որոնց թիվը 47-ն է, ծնունդով Գեղարքունիքի մարզից են»,- ասաց մարզպետը։
Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի զարգացման ենթակա ճյուղերից առանձնացրեց գյուղատնտեսությունը, այլընտրանքային էներգետիկայի զարգացումը և զբոսաշրջությունը։
Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:
Միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պետական այրեր։