
Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում զինվորականներին նվիրված պատարագ է մատուցվել

Եռատոնին նվիրված խորհրդանշական միջոցառումների շարքում մայիսի 10-ին, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանի կողմից, Շուշիի «Ղազանչեցոց Ամենափրկիչ» եկեղեցում մատուցվել է պատարագ` նվիրված Արցախի Հանրապետությանը, ՊԲ-ին և նրա շարքերում ծառայություն իրականացնող բոլոր զինվորականներին:
Հոգևոր արարողությանը ներկա էին գտնվել հայկական երկու հանրապետությունների օրենսդիր իշխանությունների ղեկավարներ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ: Հոգևոր արարողության ավարտից հետո Արցախի հոգևոր առաջնորդը իրականացրել է նաև հանրապետական օրհնության կարգ և հանդես եկել օրվա խորհուրդը պարզաբանող խոսքով:
Նույն օրը ՊԲ-ի բարձրաստիճան հրամկազմը, մասնակցել է նաև Շուշիում` արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկի` Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանի բացման արարողությանը, ինչից հետո Վարդանի մարտական կենսագրությունից ուշագրավ դրվագներ են վերհիշել մարտական ընկերներից Արշավիր Ղարամյանը, Արկադի Կարապետյանը, ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արք. Մարտիրոսյանը:


