ԱՄՆ-ը չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրեց մինչև 25 տոկոս
200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս բարձրացնելու վերաբերյալ ամերիկյան վարչակազմի որոշումն ուժի մեջ է մտել: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Նրա տվյալներով՝ Չինաստանը, ինչպես սպասվում է, հանդես կգա պատասխան քայլով: Մայիսի 9-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ժամանել է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարել ամերիկացի գործընկերների՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ:
Հանդիպումը կշարունակվի ուրբաթ օրը: Մայիսի 5-ին Թրամփը հայտարարել է, որ մայիսի 10-ից սակագները կբարձրացվեն, քանի որ Չինաստանի հետ առեւտրատնտեսական բանակցությունները «շատ դանդաղ են առաջ ընթանում»:
Մայիսի 7-ին առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել է, որ Պեկինը հրաժարվում է ավելի վաղ առեւտրական հարցերի շուրջ կոնսուլտացիաներում ձեռքբերված պայմանավորվածություններից, եւ հավաստել է մայիսի 10-ից մաքսատուրքերի ավելացման հնարավորոթյունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: