
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում է բենզինի շուկայում գրանցված թանկացումները

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է բենզինի շուկայում վերջին շրջանում գրանցված թանկացումները: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՏՄՊՊՀ-ից:
«Սկսել ենք բենզինի շուկայի ուսումնասիրություն: Արդյունքների մասին կիրազեկենք»,- ասացին կառույցից:
Հիշեցնենք, որ բենզինի գինը գրեթե բոլոր բենզալցակայաններում միաժամանակ բարձրացել է 30-40 դրամով: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը հայտարարել էր, որ մտահոգության տեղիք է տալիս ոչ այնքան՝ բենզինի թանկացումը, որքան՝ դրա միաժամանակ լինելը:
«Բոլոր բենզալցակայաններում բենզինը գրեթե միաժամանակ է թանկացել: Դա ինձ զարմացնում է, և կարծում եմ՝ այդ հարցը պետք է անպայման ուսումնասիրել: Մեծ է հավանականությունը, որի էլի կարտելային համաձայնություններ կարող են լինել, ինչը շատ վատ երևույթ է: Եթե կա նման բան, պետք է ժամանակին հակազդեցություն լինի»,- ասել էր Հ.Գևորգյանը՝ ՏՄՊՊՀ-ին հորդորելով ուսումնասիրել խնդիրը: