«Զենքի առկայությունը մեր հակառակորդ բաշիբոզուկներին  ոչինչ չտվեց». Արա Խուդավերդյան

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

«Հայ ժողովուրդը 1988 թվականից ի վեր ապրեց ստրկամտությունից ազատվելու զարթոնք, և պապերի ու նախնիների վրեժխնդիր գործունեությունը շարունակեց թշնամու դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն:

«Թշնամին մեզ պարտադրեց պատերազմ, որը սկսվեց կամավորական հրացաններով: Հակառակորդը զինվում էր մեկին երեք տարբերակով: Եթե մենք ունեինք հրացաններ, հակառակորդն արդեն ուներ ավտոմատներ, եթե մենք ունեինք ավտոմատ, նրանք արդեն անցել էին հրետանու: Սակայն զենքի առկայությունը մեր հակառակորդ բաշիբոզուկներին ոչինչ չտվեց: Իրենց բարոյահոգեբանական, ոհմակային կերտվածքն ապացուցվեց պատերազմի ժամանակ: Բացի Շուշիի ազատագրումից՝ մենք ունեցանք բազում տարածքների ազատագրումներ:

Շուշին ուրվագծվեց որպես հաղթական սիմվոլ՝ հայ բռունցքի, հայ զենքի: Շուշիի օպերացիան առ այսօր աշխարհի բոլոր ռազմաքաղաքական վերլուծական կենտրոնները չեն կարողանում վերլուծել, թե ինչպե՞ս կարող էր 1700 հոգի իր վրա վերցնել այդ թեժ կռիվները, տեր լինել այդ անառիկ բարձունքներին»,- հավելեց նա:

«Ֆիդայիներ» հ/կ նախագահ Սեյրան Չիլինգարյանն էլ նշեց. «Մենք ամեն ժամ ամեն ինչի պետք է պատրաստ լինենք: Մեր եռատոնը գալիս է անցյալ դարի սկզբից, Առաջին Հանրապետության ստեղծումից՝ Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան, Սարդարապատ:

Հաջորդը Հայրենական պատերազմն է, մշուշը շատ թանձր է՝ հայերի հետ կապված, բայց մենք տարել ենք հաղթանակ, ամեն ինչ արել ենք, որ Թուրքիան մեզ այսօր հանգիստ թողնի, որովհետև բոլորը գիտեին նրանց պլանների մասին»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս