Օպերային թատրոնից հակադարձում են Նիկոլ Փաշինյանին՝ Կոնստանտին Օրբելյանը տնօրեն է նշանակվել Կառավարության որոշմամբ
ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից մարտի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից Կոնստանտին Օրբելյանին հեռացնելու որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել թատրոնի ստեղծագործական կազմում։
Չնայած այս պահին Կ. Օրբելյանը շարունակում է մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավար, այդուհանդերձ ստեղծագործական կազմը պնդում է, որ Օրբելյանին ապօրինի են հեռացրել տնօրենի պաշտոնից։
Խնդրի հետ կապված՝ նրանք ապրիլի 1-ին հանդիպել էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ներկայացրել փաստեր, որ Օրբելյանը պաշտոնին ապօրինի չի նշանակվել, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել, ավելին՝ օրերս հերթական նամակն են ուղարկել վարչապետին և ակնկալում են հանդիպում։
Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև այս հարցին և տեղեկացրեց, որ Օպերայի աշխատակիցների գրությունն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ իրավական քննություն իրականացնելու նպատակով։
«Զուտ իրավական եզրակացությունն այն է, որ Օրբելյանի նշանակումը եղել է ապօրինի։ Սրա հիմնավորումն այն է, որ այն որոշումը, որի հիման վրա Օրբելյանը նշանակվել է այդ պաշտոնում, նշանակման պահին ուժի մեջ չի եղել։ Առաջիկայում կհանդիպեմ ներկայացուցիչների հետ և կքննարկենք, թե այս իրավիճակից ինչպես ենք դուրս գալու։ Եթե մշակույթի նախարարի պաշտոնակատարի գոնե մեկ փաստարկ չհամապատասխանի իրականությանը, ապա նա կազատվի աշխատանքից»,- նշել էր վարչապետը։
Ի պատասխան՝ Օպերային թատրոնից մեզ տեղեկացրեցին, որ ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը» հաստատելու մասին N224-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը հրապարակվել է ՀՀ պաշտոնական տեղեկագրի 2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ 48 համարում։
«Վերոհիշյալ որոշման 2-րդ կետի համաձայն՝ նշված որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը՝ 2017 թվականի օգոստոսի 3-ին: Իսկ Կ.Օրբելյանին Թատրոնի տնօրեն նշանակելու մասին ՀՀ մշակույթի նախարարի թիվ 39-Ա հրամանն ընդունվել է 2017 թվականի օգոստոսի 2-ին, որպես անհատական իրավական ակտ: Նշված օրվա դրությամբ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գերատեսչական անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից:
Բացի այդ, նույն մասի համաձայն՝ եթե անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
Այս պարագայում Կ.Օրբելյանին տնօրեն նշանակելու մասին ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ 39-Ա հրամանն ուժի մեջ է մտել միայն այն ընդունելու հաջորդող օրը՝ 2017 թվականի օգոստոսի 3-ին, և այդ օրն էլ ուժի մեջ է մտել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումը:
Իսկ քանի որ այդ հրամանով Կ.Օրբելյանի վրա էին դրվում Թատրոնի տնօրենի պարտականությունները, ապա այդ մասով նշված հրամանն ուժի մեջ է մտել միայն հրամանը Կ.Օրբելյանին պատշաճ հանձնելու օրվանը հաջորդող օրը՝ 2017 թվականի օգոստոսի 4-ին (նշված հրամանը մուտք է եղել Թատրոն 2017 թվականի օգոստոսի 3-ին): Ինչպես հստակ երևում է, Կ.Օրբելյանը Թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո»,- նշված է Օպերային թատրոնի պարզաբանման մեջ:
Զվարթ Խաչատրյան