«100-րդ փաստին կարող էին հավելել 101-րդը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջ ժամանակ արևն Արևելքից դուրս է եկել և Արևմուտքում մայր է մտել». Աղասի Ենոքյան
Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը ու ասուլիսի կուլմինացիան՝ 100 «հեղափոխական» փաստերը, բազմաթիվ քննարկումների, քննադատությունների առիթ տվեցին հասարակական ու քաղաքական տարբեր հարթակներում, իսկ սոցիալական հարթակներում՝ նաև զվարճալի մեկնաբանությունների։
«Ապաշնորհությունը կոծկելու փոխարեն՝ հպարտանում են». թեմային անդրադառնալով՝ ֆեյսբուքյան իր էջում նշել էր քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ տեղեկացնելով, որ նրան զայրացրել էր վարչապետի մատնանշած առաջին փաստը, թե՝ «ընթացիկ բյուջետային եկամուտները կգերակատարվեն 62 մլրդ դրամով»։
Մեզ հետ զրույցում Ա. Ենոքյանը մանրամասնեց. «Առաջին իսկ փաստից բարկացա. չկարողացա նայել՝ միայն այն հատվածներին ծանոթացա, որոնք Ֆեյսբուքով տարածում էին։ Բերված փաստերի մեջ ոչ մի արտառոց բան չկար, այսինքն՝ երկիրը զարգանում է իր բնական ընթացքով, և արվում են ինչ-որ քայլեր, որ ընդհանրապես ամեն երկրում էլ լինում են։ Հարյուրերորդ փաստին կարող էին հավելել հարյուրմեկերորդը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ամբողջ ժամանակ արևը Արևելքից դուրս է եկել և Արևմուտքում մայր է մտել»։
Ընթացիկ բյուջետային եկամուտների գերակատարման մասով քաղաքագետը նշում է, որ կառավարությունն իրեն ապահովագրելու համար հատուկ բյուջեի ցածր շեմ է վերցրել. «Որպեսզի կարողանա էդ նվազագույնը հավաքի»։
«Այդ կանխատեսումները եղել են հատուկ նվազեցված, ու հիմա ասում են՝ գերակատարվել են. սխալ հաշվարկն ամբողջ բալանսն է խախտում։ Միայն եկամուտների խնդիրը չէ բյուջեն, նաև ծախսերի խնդիրն է։ Միգուցե այդ սխալ հաշվարկի պատճառո՞վ է, որ դրած հիմա մեծ աղմուկով պետական ապարատ են կրճատում։ Բյուջեն սխալ հաշվարկելու մի օրինակ եմ բերում. նման բազմաթիվ հարցեր կան։ Ես տնտեսագետ չեմ, բայց դա ակնհայտ խախտում է կառավարման տրամաբանության, որին չէի կարող չանդրադառնալ նաև Ֆեյսբուքով»,- հավելում է Ենոքյանը։
Հիշեցնենք, որ նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
«Չկարողացա ամբողջությամբ նայել Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Առաջին իսկ փաստից հետո զարմացա ու զայրացա․ «Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդ դրամով»։
Սա նշանակում է, որ կառավարությունը ու նրա ղեկավար վարչապետը վատ են աշխատել, բյուջեն սխալ են հաշվել։
Սա նշանակում է, որ 62 մլրդ դրամի աշխատավարձ ու թոշակ չի բարձրացվել։
Սա նշանակում է, որ 62 մլրդ դրամ չի մտնի տնտեսության մեջ, որը մուլտիպլիկատիվ էֆեկտով կեռապատկվեր-կքառապատկվեր, այսինքն՝ սա նշանակում է՝ կորցրած շուրջ 200 մլրդ դրամ։ Ապաշնորհությունը կոծկելու փոխարեն՝ հպարտանում են»։
Զարուհի Դիլանյան