Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանութունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին.

«Ես չեմ ուզում ասել՝ ինչ արդյունքի կբերի, բայց նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Եվ դա ծանր հանցագործություն է, որովհետև դրանք միայն իրե՞նց են վերաբերել»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, տեղեկացրեց, որ նախորդ տարի ամռանն են հայտնաբերել, որ որոշակի փաստաթղթեր են ոչնչացվել:

«Ծառայողական քննություն է ընթանում, և այն բոլոր հարցերին կպատասխանի»,- նշեց ԱԱԾ պետը։

Անդրադառնալով այն հայտարարությանը, որ 30 հազար մարդու Հայաստան մուտքի արգելքը հանվել է, Արթուր Վանեցյանը չմանրամասնեց, թե ովքեր են նրանք՝ ասելով.

«Այդպես ենք նպատակահարմար գտել»։

Երեկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե տեղյա՞կ է, ի՞նչ փաստաթղթեր են ոչնչացվել, քանի որ վարչապետը նշել էր, որ դրանք ոչնչացվել են նախկին իշխանությունների կողմից։

«Ես անհամբեր կսպասեմ ու խնդրում եմ, հիշեք, որ վարչապետը նման բան է ասել։ Այդ հարցն ինձ չպետք է ուղղեք, ինձ էլ է հետաքրքիր, թե այդ գործն ի՞նչ փաստական տվյալներ ունի, ե՞րբ են  կորել փաստաթղթերը։ Վարչապետն իր հայտարարությունից ժամեր անց ԱԺ-ում ասում էր, որ չի ասել, թե  ոչնչացվել է, ասել է, գուցե պահված են այլ տեղ, տեսնենք»,- ասել էր Ա. Աշոտյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս