5.5 ժամ՝ ամեն ինչի ու ոչնչի մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հզոր ընդդիմադիր ուժերը համախմբվում են՝ մոտ ապագայում երկրի նոր ղեկավարությանը մարտահրավեր նետելու համար, և, որ նա մտադիր է միանալ ՀՀ նոր իշխանությունների դեմ պայքարին: Բանտից լրատվական գործակալությանն ուղարկված նամակում

Ռ. Քոչարյանը հայտնել է, որ իր դեմ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ Նա մեղադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ օրենքի ընտրողական կիրառման համար, և ասել, որ Հայաստանում ի հայտ են գալիս նոր ընդդիմադիր կուսակցություններ: «Այս գործընթացը, անկասկած, կհանգեցնի նոր հզոր քաղաքական ուժի ստեղծմանը, որն ունակ կլինի շատ արագ մարտահրավեր նետել նոր իշխանություններին»,- ասել է նա: Հարցին՝ արդյոք նա անձամբ կներգրավվի՞ այդ ընդդիմության շարքերում, նա պատասխանել է. «Այո, իհարկե», սակայն չի հստակեցրել, թե ինչ բնույթ կկրի այդ մասնակցությունը:

Երեկ իր կառավարման մեկ տարվան նվիրված ասուլիսի ընթացքում Ն. Փաշինյանն ի պատասխան լրագրողի հարցի՝ ասել է, թե իրեն չի անհանգստացնում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը. «Է, ում ուզում է՝ թող միանա»՝ ավելացնելով, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ այլք, նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանում այլևս երբեք իշխանություն չի լինի։ «Չի լինելու նաև ընդդիմություն 90 և ավելի տոկոս հավանականությամբ։ Հանրապետական կուսակցությունը կասեցված է, նույնիսկ փակված է ժողովրդի կողմից»,- ասել է նա:

Երեկ Փաշինյանը 5.5 ժամ տևած ասուլիսում խոսել է ներքաղաքական հարցերից, արցախյան հիմնահարցից, բանակում զինվորների սննդակարգից, ներքնաշորերից, ամուսնության առաջին գիշերվա և սեռական իմպոտենցիայի փոխկապակցվածությունից, երեխաների սեռական դաստիարակությունից, սեռը փոխած անձանցից՝ տրանսգենդերներից, մի խոսքով՝ ինչից ասես, սակայն ամբողջ ասուլիսը, կարելի է ասել, դարձյալ հիմնականում նվիրված էր նախկին իշխանություններին, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Հանրապետական կուսակցությանը քննադատելուն։ Ցանկացած հարցի շուրջ խոսելիս՝ նրանց էր հիշում ու նյարդային տոնայնությամբ հայտարարություններ անում։

Մի կողմից՝ փորձում էր ցույց տալ, թե իրեն չեն մտահոգում նրանց գործունեությունը և հայտարարությունները, մյուս կողմից՝ հիմնականում նրանց էր ուղղված իր խոսքը։ Այնինչ, արդեն ուղիղ մեկ տարի է՝ ինքն ու իր թիմն են իշխանության, և հասարակությունը ոչ թե ցանկանում է նախկինների մասին լսել, այլ ուզում է ռեալ և չափելի արդյունքներ տեսնել, փոփոխություններ իր իրական կյանքում, և ոչ թե՝ խոսքային մակարդակում։ «Քոչարյանն ո՞ւմ դեմ է պայքարելու, ժողովրդի՞»,- հարցնում էր նա ու բոլոր նախկիններին անդրադառնալով՝ կրկնում իր թևավոր խոսքը՝ «Այդ մարդիկ չեն պատկերացնում, որ իրավիճակ է փոխվել»։

Այո, Փաշինյանի, իր թիմակից նոր իշխանությունների ներկայացուցիչների համար, որոնց 80 տոկոսից ավելին բառացիորեն փողոցից են եկել և բարձր պաշտոններ, պատգամավորական մանդատներ են ստացել՝ իրավիճակ է փոխվել։ Սակայն արդյոք ժողովրդի կյանքում որևէ բան փոխվե՞լ է։ Որքան էլ որ նա 100 կետերով ընթերցի ինչ-որ «փաստեր», որոնց մի մասը կենացներ են, մի մասը՝ կրկին խոստումներ, մի մասն էլ՝ մանիպուլյատիվ ու կեղծ հայտարարություններ։

Օրինակ, նա երեկ հայտարարել է՝ գրանցվել է 51 հազար աշխատատեղ, որի մի մասը նոր է ստեղծվել։ Այս մասին հայտարարել էր նաև  Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ իր ելույթում։ Մինչ օրս բոլորը փնտրում են՝ որտե՞ղ են բացվել, որ  որևէ մեկը չի տեսել։

Ընդհակառակը, համատարած կրճատումներ են, իսկ պետական հաստատություններում աշխատանքի են տեղավորվում իրենց հեղափոխական  կուսակցականները։ Հայտարարում է՝ ՃՈ խախտումները նվազել են 485 հազարով, այնինչ մարդիկ հակառակն են պնդում՝ նույնն է, ոչինչ չի փոխվել՝ ոչ կարմիր գծերը, ոչ տեսանկարահանող սարքերը։ Փաշինյանը, որպես մեծ ձեռքբերում, հայտարարում է՝  ՀԱԷԿ-ի մոտ 1650 աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են, կբարձրանա նաև ՀԷՑ-ի աշխատողների աշխատավարձերը:

Թե ինքն ի՞նչ կապ ունի, օրինակ, ՀԷՑ-ի՝ մասնավոր ընկերության աշխատավարձերի և դրանց բարձրացման հետ, մնում է պարզել։ Հայտարարում է՝ ամուսնությունների թիվն աճել է 5%-ով, ամուսնալուծությունների թիվը կրճատվել է 17%-ով։ Իսկ դուք գիտե՞ք, որ նախկինի համեմատ՝ թավշյա հեղափոխությունից հետո 19 կետով ավելի երջանիկ եք։

Փաշինյանն իր ղեկավարած կառավարության շատ մեծ ձեռքբերում է նշում՝ Հայաստանի դիրքերը բարելավվել է երջանկության միջազգային ինդեքսում՝ 19 կետով: Զավեշտալի այս ցանկը հնարավոր չէ շարունակել, այն դեպքում, երբ իրեն է վերագրում նաև նախկին իշխանությունների կողմից արված գործերը։

Հասարակությանը էժանագին ու սուտ խոսքերով, սին խոստումներով, առհասարակ՝ կեղծիքով չես կերակրի, հասարակությունն իրական փոփոխություններ է ուզում տեսնել։ Եվ այս պարագայում որևէ կապ չունի, թե ժողովրդի այդ բողոքի  ալիքն ով կառաջնորդի։ Ինչպես որ եղավ իր դեպքում։

Տեսանյութեր

Լրահոս