Արքայազն Հարին և Մեգան Մարքլը ցուցադրել են իրենց նորածին որդուն
Բրիտանացի արքայազն Հարին եւ նրա տիկինը՝ Մեգանը, ֆոտոսեսիա են կազմակերպել Վինձորում՝ աշխարհին ներկայացնելով իրենց նորածին որդուն։Սասեքսի դուքսի եւ դքսուհու առաջնեկը լույս աշխարհ է եկել մայիսի 6-ի վաղ առավոտյան, ծնվելիս նրա քաշը կազմել է 3,2 կիլոգրամ:
Տղան յոթերորդ տեղն է զբաղեցնում գահաժառանգման հերթում՝ պապից՝ արքայազն Չառլզից, հորեղբորից՝ արքայազն Ուիլյամից, արքայազն Ուիլյամի երեք երեխաներից եւ իր հորից՝ արքայազն Հարիից հետո: Արքայազն Հարիի որդու ծնվելով՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին տատիկ է դարձել ութերորդ անգամ: Արքայազն Հարին եւ Մեգանը, ինչպես եւ խոստացել էին, լուսանկարիչների ու հեռուստաօպերատորների են հրավիրել Վինձոր, ուր վերջերս են տեղափոխվել:
Ի տարբերություն արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթի, դքսուհի Մեգանը չի ցանկացել լուսանկարիչների առջեւ կեցվածք ընդունել ծննդաբերությունից անմիջապես հետո՝ նախընտրելով առաջին օրերն անցկացնել երեխայի, ամուսնու եւ իր մոր՝ Դորիայի հետ, որը թոռան ծնվելու կապակցությամբ եկել է Լոս Անջելեսից:
ԶԼՄ-ների կողմից նորածնի նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, եւ ոչ միայն այն պատճառով, որ նրա հայրը՝ արքայազն Հարին, թագավորական ընտանիքի առավել մեծ ժողովրդականություն վայելող անդամն է, այլեւ որ նրա որդին դարձել է շատ դարեր ի վեր էթնիկական խառը ծագմամբ առաջին «թագավորական երեխան» եւ թագավորական ընտանիքում ծնված առաջին ամերիկացին (մոր գծով երեխան իրավունք ունի ստանալ ԱՄՆ-ի անձնագիր, ուստի ենթադրաբար ապագայում կարող է դառնալ ԱՄՆ-ի նախագահ), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: