Եռատոնի կապակցությամբ ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
Այսօր՝ մայիսի 8-ին, Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն՝ հաղթանակի տոնի, ԱՀ պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի, ԱՀ պետական սահմանի և հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած արիության ու խիզախության, Արցախին մատուցած ծառայությունների և մասնագիտական արդյունավետ ու նվիրված գործունեության համար պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ, ազատամարտիկներ, ոստիկանության վետերաններ և բարերարներ արժանացել են պետական բարձր պարգևների:
Միջոցառմանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանը ողջունել և շնորհավորել է ներկաներին մայիսյան եռատոնի կապակցությամբ: «Մայիսի 9-ը մեր բազմադարյա պատմության կարևորագույն էջերից է, որը գրվել է համայն հայության միասնական ջանքերով և դարձել հայ ժողովրդի հերոսության ու միասնության, տոկունության ու անսասան կամքի խորհրդանիշ: Այս տոնական օրը մենք նախ և առաջ հիշում և մեծարում ենք Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի մեր անմահ հերոսներին, ովքեր ոչինչ չեն խնայել հայրենիքի պաշտպանության համար, ովքեր իրենց խիզախությամբ ու սխրանքով կերտել են այս փառավոր հաղթանակը: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին: Մենք ամեն տարի ցավով ենք նշում, որ Մեծ հայրենականի վետերանների շարքերը օրեցօր նոսրանում են, իսկ դա նշանակում է , որ պետք է ավելի մեծ սիրով ու ջերմությամբ շրջապատենք նրանց: Մենք շնորհակալ ենք ու երախտապարտ մեր հայրերի ու պապերի՝ մեզ թողած ժառանգության, հերոսական դասերի համար: Նրանցից մենք սովորել ենք անձնուրաց կերպով սիրել հայրենիքը, նրանց օրինակով ենք զենք վերցրել ու դիմակայել հակառակորդին, կազմավորել պաշտպանության բանակ և ազատագրել Շուշին, հաղթանակ տարել մեզ պարտադրված անհավասար պատերազմում:
Այսօր կարող ենք հպարտությամբ նշել , որ հետագա սերունդները շարունակեցին նախնիների փառավոր ավանդույթները և դարձան նրանց արժանի հետնորդները: Մեր նորօրյա հերոսները պատվով են կատարում հայրենիքի պաշտպանի իրենց առաքելությունը՝ այդ ճանապարհին արձանագրելով նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,-մասնավորապես ասել է Բ. Սահակյանը:
Նա ավելացրել է, որ ձևավորված ավանդույթի համաձայն, այսօր մի խումբ երախտավորների հանձնել է պետական պարգևներ, ովքեր իրենց ավանդն են ունեցել հայրենի երկրի պաշտպանության ու զարգացման գործում: Վստահ եմ, որ այդ պարգևները նոր լիցք կհաղորդեն պարգևատրվողների ծառայությանը և աշխատանքին՝ ի նպաստ հայրենիքի ու ժողովրդի:
«Մարտական ծառայություն» մեդալի արժանացած երրորդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Ռոբերտ Համբարձումյանն իր խոսքում ասել է, որ Արցախյան ազատամարտը մի հերոսամարտ էր, որ կոչված էր հաստատելու այս հողի վրա հայերի ապրելու իրավունքը:
«Թեև ռազմավարական տեսակետից ավելի դժվար հաղթանակներ ենք կերտել, բայց և այնպես շատ ավելի կարևոր և իր բնույթի մեջ եզակի են մեր պատմական դրվագները: Շնորհավորում եմ հայ ազգին Եռատոնի կապակցությամբ և, առավել ևս, այն մարդկանց, ովքեր Շուշիի բարձունքներից իջել են հաղթանակած և այդ բերկրանքով հիմք դրել մեր հետագա հաղթանակներին»,- ավելացրել է Ռ. Համբարձումյանը:
«Արիություն» մեդալով պարգևատրված Կարեն Պետրոսյանը, շնորհավորելով հայ ժողովրդի մայիսյան եռատոնը, շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին Արցախյան ազատամարտի մասնակիցների անցած ճանապարհը նման ձևով արժևորելու համար:
«Մենք՝ արցախյան գոյամարտի ազատամարտիկներս, եղել ու մնալու ենք հայրենիքի պաշտպանության ու պետականաշինության սրբազան գործին նվիրված»,- ասել է Կ. Պետրոսյանը:
«Մարտական ծառայություն» մեդալի արժանացած ոստիկանության վետերան Արմեն Դանիելյանը ԱՀ ոստիկանության պարգևատրված վետերանների անունից շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին և երկրի իշխանություններին իրենց բարձր պարգևների արժանացնելու համար:
«Արցախի թե´ նախկին և թե´ գործող ոստիկանները միշտ եղել են ու կլինեն մեր ժողովրդի կողքին: Մենք ապրելու ենք մեր ժողովրդի իղձերով, պայքարելու ենք նրանց համար, երկրի ներսում պաշտպանելու ենք մեր ժողովրդի խաղաղ աշխատանքը և մարտնչելու ենք արտաքին թշնամու դեմ: Շնորհավորում եմ բոլորիս Եռատոնը և մաղթում հաջողություններ և հարատև խաղաղություն»,-մասնավորապես ասել է Ա. Դանիելյանը:
Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, բարձրաստիճան այրեր, հյուրեր: