
«Կա երկիր, որը փորձելու է մեր հաղթանակները փչացնել». Թևան Պողոսյան

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը կարծում է, որ վերջին օրերին սահմանային լարվածությունը պայմանավորված է մայիսյան հաղթանակներով:
«Մայիսն ընկալվում է՝ որպես խորհրդանշական իրադարձություններով լի ամիս: Անցած շաբաթ ունեցել ենք իրավիճակ, երբ սահմանում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ունեցել ենք վիրավոր: Պետք է մեր զգոնությունը բարձրացնենք, հասկանանք, որ, երբ ասում ենք՝ մայիսը մեր հաղթանակների ամիսն է եղել, կա երկիր, որը փորձելու է մեր հաղթանակները փչացնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թևան Պողոսյանը:
«Մի տեսակ թեժացած իրավիճակ է ձևավորված: Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժությունների մասշտաբը, խորությունը, ժամկետը և քանակը գնալով մեծանում են: Այսօր կար նաև տեղեկություն, որ զորավարժություններին զուգահեռ՝ Ադրբեջանը նաև օդային ուժերի շտաբային զորավարժություն է իրականացնում։ Օդային բոլոր ուժերը փորձել է օգտագործել, վերապատրաստել, ու դա զուգահեռ գալիս է նրանից, որ Հայաստանը ձեռք է բերում կործանիչ ավիացիա, և Ադրբեջանը ցույց է տալիս իր ունակությունները»,- նշեց Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Ադրբեջանի կողմից մոտ 40 րոպե Բաղանիս-Այգեպար ճանապարհահատվածը կրակի տակ է պահվել:
Անի Կարապետյան