Սամվել Ալեքսանյանին Աթենքում թույլ չե՞ն տվել հատել սահմանը
ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը նորից շրջանառության մեջ է դրվել ամենատարբեր թեմաներով՝ Համլետ Ղուշչյանի նկատմամբ բռնության դեպքից մինչև կառավարության կողմից՝ իր ձեռնարկատիրությանը տրվող հատուկ արտոնություններ:
Մամուլը երեկ գրեց նաև իշխանական «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներին օլիգարխի անունից բաժանվող «նվեր-քարտերի» մասին, ըստ որի՝ Սամվել Ալեքսանյանը ոճային, թանկարժեք բրենդային հագուստներով է ապահովում վարչապետի թիմակից մի շարք պատգամավորների:
Այս տեղեկություններից Սամվել Ալեքսանյանը միայն մեկին է արձագանքել` նշելով, որ Ղուշչյանին 2001 թվականին առևանգելու մասին իրեն վերագրված պատմությունը հորինվածք է:
«Ինձ չառևանգեք՝ ես կարա՞մ ուրիշին առևանգեմ: Վայ թե Ղուշչյանն ա ընձի առևանգել»,- այսպես էր արձագանքել Սամվել Ալեքսանյանը՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում:
168.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 30-ի գիշերը մայիսի լույս 1-ին գործարարին Աթենքի օդակայանում թույլ չեն տվել սահմանային անցակետը հատել:
Փորձեցինք կապ հաստատել Ս. Ալեքսանյանի հետ՝ տեղեկատվությունը ստուգելու և պատճառների մասին իմանալու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Փորձեցինք այստեղ իր օգնականի միջոցով ճշտումներ անել. ասացին, որ Ս. Ալեքսանյանը արտասահմանում է, կվերադառնա մեկ շաբաթից, և ինքն էլ կպատասխանի բոլոր հարցերին:
Սյուզի Բադոյան