
Facebook-ն առաջին անգամ գաղտնի տվյալներից օգտվելու հնարավորություն կընձեռի մի խումբ գիտնականների

Facebook ընկերությունն առաջին անգամ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն կընձեռի մի խումբ գիտնականների, որոնք ծրագրում են զբաղվել մի շարք հարցերով, այդ թվում՝ ընտրությունների անցկացման վրա համանուն սոցիալական ցանցի հնարավոր ազդեցության հարցով: Ապրիլի 29-ին այս մասին հաղորդվել է մամուլի տեղեկագրում, որը հրապարակված է ընկերության պաշտոնական կայքում:
«Մենք հուսով ենք, որ այս նախաձեռնությունը կօգնի հասարակայնությանը պարզաբանելու այն ազդեցությունը, որը սոցցանցն ունի ընտրությունների եւ ժողովրդավարության վրա, ինչպես նաեւ Facebook-ին եւ այլ ընկերությունների կօգնի բարելավելու առաջարկվող պրոդուկտը»,- ասված է տեքստում: Նշված է, որ գաղտնի տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն կստանա 60 գիտնական աշխարհի 11 երկրներում գտնվող 30 հետազոտական հիմնարկություններից: