Բաժիններ՝

«Նման բան չկա». Մարությանի խոսնակը՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետին աշխատանքից ազատելու մասին

Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքից ազատել է քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանին, ով, ըստ կայքի՝ հրաժարվել է կատարել քաղաքապետի ոչ իրավաչափ հրահանգը, ինչի պատճառով աշխատանքից հեռացվել է։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից 168.am-ը փորձեց ճշտել լուրի իսկությունը: Հարցին՝ ճի՞շտ է, որ հրահանգը չկատարելու համար են Զավեն Առաքելյանին աշխատանքից ազատել, նա պատասխանեց.

«Ոչ, նման բան չկա, հերքում եմ այդ տեղեկությունը»:

Իսկ ընդհանրապես նրա աշխատանքից դուրս գալու հարցի վերաբերյալ Հակոբ Կարապետյանն առաջարկեց խոսել վաղը:

Նշենք, որ Զավեն Առաքելյանը քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է 2009 թվականից։ Մինչ այդ աշխատել է Երևանի Կենտրոն թաղապետարանում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:

Մեզ չհաջողվեց կապ հաստատել նաև Զ. Առաքելյանի հետ։

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս