
Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն խորին համոզմամբ, որ հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդուն, հենց աշխատանքն է բարօրության հիմնական աղբյուրը:
Մեր պետության կարեւորագույն խնդիրներից է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի յուրաքանչյուրն ունենա աշխատելու, սեփական աշխատանքով իր կարիքները հոգալու, իր երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու հնարավորություն:
Նոր աշխատատեղերի ստեղծումը, բնակչության զբաղվածության մակարդակի բարձրացումը, աշխատավորների իրավունքների պաշտպանությունն այսուհետ եւս կլինեն մեր իշխանությունների առաջնահերթությունների շարքում, որոնց լուծման ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ մայիսյան այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք»: