«Այդ օրը չի ուշանա». Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանի հեռանալու մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից փորձեցինք ճշտել՝ եթե քաղաքապետարանը 150 միլիոն դրամով թերակատարել է 2019-ի առաջին եռամսյակի բյուջեն, եւ քաղաքապետն այն վերաբաշխել է մյուս եռամսյակների վրա, կկարողանա՞ն կատարել տարեկան բյուջեն, քանի որ առաջին եռամսյակն է ընդհանուր առմամբ արգասաբեր` հավաքագրումների առումով։ «Ո՛չ, չեն կարող. դեռ հարց է` մյուս եռամսյակների բուն հավաքագրումը կիրականացվի՞, թե՞ ոչ»: Բա ի՞նչ է լինելու։
«Շարունակական ֆիասկո. փորձելու են ծախսային մասից կտրել-կպցնել հավաքագրումներին, ինչն էլ կնշանակի, որ քաղաքապետն իր պարտավորությունները չի կատարում, չի կարողանում տնտեսություն վարել»:
Տեղեկություն կար, որ եթե ամռան տապին եւս չկարողանան աղբահանությունն իրականացնել, հրաժարական կպարտադրվի։ «Չեմ կարող ասել՝ այդպես կլինի՞, թե՞ ոչ, սակայն ինձ համար ակնհայտ է մեկ բան` տարվա կեսը 10 ամիս է անում, եւ եթե այդ խնդիրը չի լուծվում, ինքնին նշանակում է, որ քաղաքը ղեկավարելու ունակության խնդիր ունենք»:
Ըստ որոշ աղբյուրների՝ Մարությանն այս ընթացքում 2 անգամ դիմել է Փաշինյանին, ասել` «սա իմ տեղը չէ, դիմում գրեմ-գնամ», նա չի համաձայնել նաեւ այն պատճառով, որ չունեն հարմար թեկնածու։ «Այդպես է, թե` ոչ, իրենք կիմանան, բայց, ելնելով հանգամանքից, որ ավագանու ընտրությունները չընթացան քաղաքային տրամաբանության մեջ, բացառապես «սեւի եւ սպիտակի» քաղաքական հենքի վրա էին, եւ Փաշինյանն ասում էր` քվեարկեք «Իմ քայլի» օգտին, որպեսզի խորհրդարանն արձակվի, կարծում եմ` այդ օրը չի ուշանալու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: