«Ձեռքս կկտրեմ, եթե կաշառք վերցնելու նման ինչ-որ տեսանյութ լինի». Դավիթ Սանասարյան

Արդյո՞ք վերջին իրադարձությունները չեն ստվերել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի վերաբերմունքը Քաղաքացու օրվա խորհրդի հանդեպ, ի՞նչ տեսանյութերի մասին են պատմում լրատվամիջոցները և այլ հարցերի պատասխաններ 168.am-ը լսել է հենց Դավիթ Սանասարյանից։

Հիշեցնենք, որ 168.am-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է և փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից: Եվ հակառակ նրա սպասումների՝ փաստարկները, որ դրվել են նրա սեղանին՝ ոչ միայն տրցակներով նյութեր են եղել, այլև տեսանյութ, որում հստակ երևում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:

Դավիթ Սանասարյանը քիչ առաջ մասնակցում էր Քաղաքացու օրվա միջոցառումներին։ «Պայքարը չի լինում մի տարի ու դրանից հետո վայելել։ Պայքարը միշտ է լինում. Մենք այդ պայքարի մեջ ենք»,- օրվա խորհուրդն այսպես ամփոփեց Սանասարյանը։

Պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետն անդրադարձավ նաև տարածվող լուրերին, որ նրա մասնակցությամբ տեսանյութեր կան, որտեղ հստակ երևում է նրան հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:

«Երկար տարիների նենգ մեթոդներ են, որ ուզում են մարդկանց վստահության վրա ազդել։ Ձեռքս կկտրեմ, եթե կաշառք վերցնելու նման ինչ-որ տեսանյութ լինի»,- հայտարարեց Սանասարյանը։

Գործի մասին մանրամասները չի հայտնում՝ հիշեցնելով նախաքննական գաղտնիքի մասին, ապա հավելում է.

«Սպասում եմ՝ մի վայրկյան շուտ վերջանա էդ նախաքննությունը, որ ասեմ, թե ինչի մասին է խոսքը»։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով), քննիչի կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նրա լիազորությունները։

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ Դավիթ Սանասարյանը, «հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները»:

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս