«Նոր միտումներ կարգավորման գործընթացում ու դրա շուրջ տեսանելի չեն, թեև ՀՀ-ում իշխանություն է փոխվել»․ Գոբլ
«Ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ կողմերի միջև իրավիճակն այնքան սուր չէ, որքան նախկինում, քանի որ ճանաչողական գործընթացը, որը ներառում է նաև կարգավորման գործընթացում դիրքորոշումների հստակեցումը, դեռ լիովին չի ավարտվել»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումներին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ մարտի 29-ին Փարիզում, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։ Դրան հաջորդեց ապրիլի 15-ի նախարարական հանդիպումը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, որի արդյունքում կողմերը պայմանավորվեցին իրականացնել որոշ մարդասիրական բնույթի նախաձեռնություններ։ Սրան զուգահեռ՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ տեղի են ունեցել քննարկումներ նաև կարգավորման 2016 թվականի ռուսական ծրագրերի շուրջ, որը հայկական կողմը հերքում է։ ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը շարունակում են պնդել, որ կարգավորման ձևաչափը լիարժեք չէ՝ առանց Ստեփանակերտի ներկայության։
Նշենք նաև, որ ղեկավարների մակարդակով հանդիպումից հետո ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը նշեց, որ այսուհետ գործելու է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը, և հայկական կողմն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները՝ դուրս գալով միայն պաշտպանվողի կարգավիճակից։
Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև խոսել էր կարգավորման գործընթացում ժողովրդի ձայնի մասին։ Նա նշել էր, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ:
«Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի»,- ասել էր վարչապետը:
Փոլ Գոբլի խոսքով՝ հակամարտության կարգավորման գործընթացում զարգացումները տեղի են ունենում ավանդական տրամաբանությամբ, և նոր միտումներ կարգավորման գործընթացում ու դրա շուրջ տեսանելի չեն, թեև ՀՀ-ում իշխանություն է փոխվել, որի արդյունքում կային սպասելիքներ, թե կարող են լինել փոփոխություններ։ Սակայն, ըստ նրա, հայկական կողմի մոտեցումներն ընդհանուր առմամբ կարգավորման գործընթացում նույնն են։
«Ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ կողմերի միջև իրավիճակն այնքան սուր չէ, որքան նախկինում, քանի որ ճանաչողական գործընթացը, որը ներառում է նաև կարգավորման գործընթացում դիրքորոշումների հստակեցումը, դեռ լիովին չի ավարտվել։ Քանի դեռ կա այս մթնոլորտը, հաջողվում է նաև որոշ հարցերում (որոնք չեն ունենալու մեծ նշանակություն կարգավորման հետագա գործընթացի վրա) առաջընթաց գրանցել։ Կարծում եմ՝ չկա առաջընթաց նաև բուն կարգավորմանը վերաբերող հարցերը քննարկելու հարցում, դրանք ըստ էության միշտ են քննարկվում, բայց ընդհանուր դիրքորոշումների ձևավորումը երկարատև աշխատանք է։ Այսօր հնչող բոլոր հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք հիմնավոր քննարկումներ չեն»,- ասաց նա։
Ըստ նրա՝ կարգավորման ապագայի տեսանկյունից կարևոր է, որպեսզի համանախագահությունը գործի հավասարակշռված և գործընթացում համանախագահ երկրներից ոչ մեկը չունենա մենաշնորհ։ Դա, նրա հավաստիացմամբ, կապահովի հակամարտող բոլոր կողմերի շահերի իրացումը։ «Ես շատ եմ խոսել ռուսական դերակատարության մասին, կարծում եմ՝ դա պետք է հավասարակշռվի, թեև իրական քայլեր այդ ուղղությամբ դեռ չեմ տեսնում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ժողովրդի կողմից կարգավորման բանաձևի ձևակերպմանը՝ Գոբլն ասաց, որ չի կարող լինել այնպիսի կարգավորում, որին դեմ կլինեն ժողովուրդները։
Ըստ նրա՝ ներկայումս ժողովուրդները դեմ են զիջումներին, այդ պատճառով իշխանությունները, որոնք, թեև ունեն ժողովրդի վստահությունը՝ կարգավորել հակամարտությունը, չեն կարող գնալ քայլերի, որոնց դեմ է լինելու հասարակությունը։ Ուստի, նրա խոսքով, սա դիսկուրսի թեմա պետք է լինի, թե ինչի են պատրաստ ժողովուրդները կարգավորման համար։
«Իսկ բուն կարգավորման և բանակցությունների պատասխանատուն իշխանություններն են, նրանք պետք է կայացնեն որոշումներ՝ հաշվի առնելով հանրային տրամադրությունները՝ նպաստելով դրանց ձևավորմանը։ Հակամարտության ողջ պատմության ընթացքում իշխանությունները նպաստել են որոշակի տրամադրությունների ձևավորմանը, որն էլ անդրադարձել է հակամարտ գոտում տիրող իրավիճակի վրա։ Ուստի այն մարդասիրական պրոյեկտները, որոնք պետք է իրականացվեն, նպաստելու են այդ հանրային տրամադրությունների և ժողովրդական դիվանագիտության կայացմանը, ինչը որոշակի ներդրում կլինի կարգավորման գործընթացում»,- ասաց նա։