
Կոլոմբոյի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը կասկածելի ավտոմեքենայի հատնվելու պատճառով

Կոլոմբոյի Բանդարանաիկե խոշորագույն միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է News 1st պորտալը:
Նրա տվյալներով՝ օդանավակայանի դիմացի ճանապարհը փակված է այնտեղ կասկածելի ավտոմեքենայի հատնվելու պատճառով: Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Ահաբեկչական գործողություններում գործի են դրվել ինը մահապարտ-ահաբեկիչներ, որոնք Շրի Լանկայի քաղաքացիներ են: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել է 359 մարդ, տուժել է ավելի քան 500 հոգի:
Պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 76-ի, լույս հինգշաբթի գիշերը բերման է ենթարկվել 16 մարդ: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, թեեւ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել: Ահաբեկչական գործողություններից հետո երկրում խստացվել են անվտանգության միջոցները:
Մասնավորապես, Շրի Լանկայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը մինչեւ հատուկ ծանուցում արգելել է բոլոր անօդաչու թռչող սարքերի օգտագործումը այս կղզի-պետության օդային տարածությունում: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել է Ada Derana լրատվական ինտերնետ-հրատարակությունը, նման սարքերի՝ ավելի վաղ տրված բոլոր թույլտվությունները անորոշ ժամանակով անվավեր են հայտարարված, հաղորդել է ՏԱՍՍ-ը: