«Գործով հավաքված փաստական տվյալները բավարար էին Դավիթ Սանասարյանի դեմ գործ հարուցելու համար». ՀՀ գլխավոր դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում նախ՝ հրաժարվեց պատասխանել հարցին, թե ե՞րբ են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին արտահանձնելու Հայաստանին` նշելով, որ այսօր ապրիլի 24-ն է, և օրն այլ խորհուրդ ունի, այնուհետև հավելեց, որ Մ. Պողոսյանի գործի հետ կապված վերջին տեղեկատվությունն այն է, որ Ռուսաստանի դատախազության միջնորդությունը դատարանը բավարարել է, և Միհրան Պողոսյանը 40 օրով կալանավորվել է՝ էքստրադիցիայի հարցը լուծելու համար։

Անդրադառնալով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործին, Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ այդ գործի քննությունն ընթանալու է լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի։

«Ըստ էության, գործով հավաքված փաստական տվյալները Քրեադատավարական օրենքի պահանջին համապատասխան՝ բավարար էին Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու համար։ Սա, բնականաբար, իր հետ բերեց Դավիթ Սանասարյանի դատավարական կարգավիճակ և դրանից բխող բավականին լայն իրավունքների շրջանակ։ Ամենակարևորը՝ նա պաշտպանության իրավունք ստացավ, և այդ իրավունքի իրացումը ներկայացրել է արդեն, բնականաբար, անկաշկանդ ներկայացնելու է իր փաստարկները, իրեն հայտնի այլ տեղեկությունները, որոնք օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ ստուգվելու են»,- հավելեց գլխավոր դատախազը։

Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանի պաշտպանների կողմի միջնորդությանը՝ գործը ԱԱԾ-ի վարույթից տեղափոխել այլ վարույթ, Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը նոր են ստացել, որտեղ կան տեղեկություններ, որոնք քննությամբ պետք է ստուգվեն։

«Որ պահին հսկող դատախազը տեսնի, որ գործը կարված է, ինչպես հայտնում են Դ. Սանասարյանի պաշտպանները, որևէ պարագայում նախաքննական մարմինը չի շարունակելու վարել գործը»,- ընդգծեց Ա. Դավթյանը։

Հարցին՝ ինչո՞ւ են թաքցնում «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի համակարգողի անունը, գլխավոր դատախազը պատասխանեց, որ թացնելու միայն մեկ պատճառ կա, որպեսզի չխոչընդոտեն նախաքննությանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս