«Մարդը, ով ոտքով բացում է կառավարության դուռը, որովհետև սա արդեն իր կառավարությունն է, դա ամենևին քաղաքացիական կեցվածք չէ»
Ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Այս տարի այն նշվելու է ապրիլի 27-ին:
«Եթե իրականում քաղաքացու օրը ծառայեր քաղաքացի կրթելու նպատակին, ապա ես կողմ կլինեի այս օրվան: Եկեք տարվա 365 օրն էլ նշենք քաղաքացու օր: Մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ փողով քվեարկության էին գնում, բայց երբ ճանապարհները փակեցին, քաղաքացի չդարձան: Մարդը, ով ոտքով բացում է կառավարության դուռը, որովհետև սա արդեն իր կառավարությունն է, դա ամենևին քաղաքացիական կեցվածք չէ: Մարդուն, ում հրահանգ են տալիս՝ դիմում գրել ու դուրս գալ, և նա չի պաշտպանում իր իրավունքները, ամենևին քաղաքացիական գիտակցության մասին չի խոսում: Առանց քաղաքացի ունենալու՝ քաղաքացու օր ենք նշում: Կամ, եթե վառելու, սպանելու պահանջները կփոխվեն կառուցելու, ստեղծելու պահանջներով, այս դեպքում եկեք տոնենք քաղաքացու օրը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը:
«Առանց քաղաքացի կրթելու, պարզապես փողոցներում խորոված անելով՝ քաղաքացու օր ենք նշելու, և պետության պահուստային ֆոնդից մի կլորիկ գումար են հատկացնելու՝ առանց հասկանալու, որ շատ ավելի կարևոր խնդիրներ կան, որոնք օր առաջ պետք է լուծվեն՝ թեկուզ մեկ քաղաքացու համար»,- հավելեց նա:
ՀՅԴ նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ նշեց. «Քաղաքացու օր հայտարարելը պետք է ունենա նպատակ: Ես չեմ տեսնում այդ նպատակը: Իմ կարծիքով՝ ամրագրում են ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականը և իրենց իշխանության գալու փաստը: Ստացվում է, որ սա կլինի նախադեպ՝ յուրաքանչյուր հաջորդ իշխանություն իշխանության գալու օրը տոնակա՞ն է հայտարարելու, օրացույցում նոր տո՞ն է ավելանալու»:
Անի Կարապետյան