Սահմանադրական դատարանն ամրապնդում է Փաշինյանի իշխանությունը
Ապրիլի 19-ին Սահմանադրական դատարանը քննել և որոշում է կայացրել Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով:
Որոշման ամբողջական տեքստը դեռևս հրապարակված չէ, այն կհրապարակվի երկուշաբթի օրը, սակայն հրապարակվել է որոշման եզրափակիչ մասը, համաձայն որի՝ Ազգային ժողովի կողմից ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված 50-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը համապատասխանում են Սահմանադրությանը:
Ընթերցողին հիշեցնենք, որ խոսքն Ազգային ժողովի կողմից 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված հայտնի օրենքի մասին է, որի ընդունումից հետո վարչապետ Փաշինյանի կոչով տասնյակ-հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, մուտք գործեցին Ազգային ժողովի բակ, պաշարեցին Ազգային ժողովը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից այս օրենքը չստորագրվեց, և ստորագրման համար նախատեսված ժամկետի վերջին օրը նա դիմեց Սահմանադրական դատարան:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի էությունը կայանում էր նրանում, որ, եթե վարչապետի ընտրության հարցի քննարկման համար արտակարգ իրավիճակներով պայմանավորված չի ապահովվում պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին:
Հիշեցնենք, որ այս կարգավորումը հնարավորություն չէր տա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին գնալու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների՝ վարչապետին երկու անգամ անընդմեջ չընտրելու ճանապարհով, քանի որ այդ պահին Ազգային ժողովում առկա մեծամասնությունը կարող էր գալ և ընտրել իր վարչապետի թեկնածուին, եթե չլինեին վերը նշված խոչընդոտները:
Հիմա, երբ կարծեք թե դերերը փոխվել են և օրվա ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելուց հետո, ըստ Սահմանադրության, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կարող է գնալ միայն նույն ճանապարհով՝ երկու անգամ անընդմեջ վարչապետ չընտրելով, ընդդիմության միակ միջոցը՝ խոչընդոտելու Ազգային ժողովի նիստի կայացմանը, այդ թվում՝ պատգամավորներին սպառնալու միջոցով, վերանում է, քանի որ, ըստ էության, ժամկետները կասեցվում են, և վարչապետի ընտրությունները կկայանան այդ խոչընդոտները վերանալուց հետո:
Ստացվում է շատ պարզ բան: Այս ժամանակահատվածում փոխվել են դերերը, և, ինչպես ասում են բոլորին հայտնի ֆիլմում, այն, ինչ Փաշինյանին դեռ ամիսներ առաջ խանգարում էր լիակատար իշխանություն ունենալու համար, այսօր Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ նույն բանն օգնում է վարչապետ Փաշինյանին՝ իր իշխանությունն ամրապնդելու համար:
Հիշեցնենք նաև, որ Սահմանադրության 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե Սահմանադրական դատարանը որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը: