ԱԺ աշխատակազմի ղեկավարն իր առջև խնդիր է դրել՝ օգնել ազգընտիր երիտասարդ պատգամավորներին
ԱԺ աշխատակազմում կադրային լուրջ խմբագրումներ են սպասվում: ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը կառուցվածքային փոփոխություններից բխող նոր պաշտոնների անձնագրեր է ուզում ստեղծել:
ԱԺ աշխատակազմի հետհեղափոխական ղեկավարն իր առջև խնդիր է դրել՝ օգնել ազգընտիր պատգամավորներին: Նրա պատկերացմամբ՝ ԱԺ շենքի վարչական աշխատողներն իրենց ինտելեկտով պիտի օգնության հասնեն դահլիճում նստող օրենսդիրներին:
Իսկ պատգամավորներին ցուցաբերվող աջակցությունը պիտի դրսևորվի մի քանի ձևերով՝ մինչ այս եղած օրենքների ուսումնասիրությամբ, դրանց էֆեկտիվությունն ու առանձին՝ անկատար լինելը ստուգող փորձագետների աշխատանքով, որը վերջնարդյունքում պիտի ծառայի պատգամավորական խմբերին: Այսինքն՝ նոր ստեղծվելիք պրոֆեսիոնալ փորձագետները պիտի երիտասարդ պատգամավորների համար, այսպես ասած՝ քարշակի դեր կատարեն: Բացի այդ, նոր աշխատակազմը պիտի ստանձնի նաև վերահսկողական գործառույթ ընդունված օրենքի հետագա կիրառման մոնիտորինգի միջոցով:
Տիգրան Գալստյանը գործող կառուցվածքային մոդելի նկատմամբ վերապահում ունի, ամեն ինչ ընկալում է իրեն հոգեհարազատ շինարարական ոլորտի պրիզմայով և այդ առումով նորը պրոյեկտելու անհրաժեշտություն է տեսնում:
«ԱԺ աշխատակազմն էլ ունի որոշակի մանդատ, և իր գործառույթների շրջանակներում պիտի որոշվի, թե ինչ նոր գործառույթներ պիտի իրականացնի, սա էլ հոսքագծերի պես մի բան է, պետք է լինի հստակ գծված գործառույթի սկիզբ ու վերջ, և ըստ այդմ՝ ստեղծվի աշխատանքն արդյունավետ իրականացնող ռեսուրս՝ լինի դա տեխնիկական ավտոմատացված համակա՞րգ, թե՞ մասնագետների խումբ»,- ասում է Տիգրան Գալստյանը՝ իր սկսած գործը համեմատելով կապիտալ շինարարության հետ:
«Պատկերացրեք, որ կա պրոյեկտ, պիտի պահանջվի նախագծային աշխատանքներ- պատվիրատու-սմետա և իրականացնող խումբ, և այս շղթան հոսքագծի պես պիտի ճկուն աշխատի: Շենքի կառուցման մեջ ամեն քար ու երկաթ հաշվարկված է ճշգրիտ, նյութերն ու աշխատուժը՝ նույնպես, այնտեղ կա պահանջարկ պատվիրատու և արտադրող սխեմա… հետևապես՝ այս տրամաբանական շղթայում շեղում չպիտի լինի և ավելորդ դիզայներ կամ այլ մասնագետներ»,- իր տեսլականը 168.am-ին ավելի պատկերավոր ներկայացրեց ԱԺ աշխղեկը:
Հիշեցնենք, Տիգրան Գալստյանը պետական համակարգ է տեղափոխվել «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից, «Իդեալ» խանութ-սրահի աշխատանքից նա հասել է ընդհանուր կոնցեռնի աշխատակազմի ղեկավարի դիրքին, որտեղից էլ հեղափոխությունից հետո տեղափոխվեց փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակ՝ որպես խորհրդական:
Տիգրան Գալստյանի խոսքով՝ իրենց ահռելի ծավալի գործընթաց է սպասվում, թեև չեն շտապում ու դեռևս կառուցվածքային ուսումնասիրությունների փուլում են:
Բայց մինչ կառուցվածքային փոփոխությունները՝ եղած կադրերին ներկայիս ղեկավարը հասցրել է մեղմ ցավեցնել՝ պարգևավճարներն էական կրճատելով: Ներկայացուցչական ծախսերի ու պարգևավճարների նախկին դրությունը դուր չի եկել Արարատ Միրզոյանի նշանակած ղեկավարին:
Այս օրերին ներդրվում է ԱԺ աշխատակազմի արտադրողականությունը գնահատող բալային համակարգ, ըստ այդմ՝ պարգևավճարները կհաշվվեն նոր համակարգով:
Աշխատակիցների բարձրացրած դժգոհություներին, թե դրույքի 30 %-ի չափով են մնացել իրենց պարգաևավճարները, ինչը մոտիվացիա չէ, որ մարդիկ նվիրումով աշխատեն, Տիգրան Գալստյանը հակադարձում է.
«Քիչ չեն պարգևավճարները, պարզապես կիսատ աշխատողին կիսատ էլ կմոտիվացնենք: Պարգևավճարի ողջ տրամաբանությունը հենց լավ աշխատողին խրախուսելն է, իսկ ինչո՞ւ պիտի համահարթ մոտեցում ցուցաբերեինք»:
Տիգրան Գալստյանից հետաքրքրվեցինք՝ ԱԺ-ում խելացի համակարգ ստեղծելիս՝ արդյո՞ք վաղն ի վիճակի է լինելու արդարացնել մինչև վերջ, մի՞թե իրեն նշանակած քաղաքական թիմը վաղը չի պարտադրի «քայլած» երիտասարդներով ԱԺ-ն համալրել: Նա պատասխանեց՝ իսկ մինչև հիմա, կարծում եք՝ այդ դիմակայության կարիքը չի՞ եղել:
«Ես իմ պրոֆեսիոնալիզմը չեմ սահմանափակի այլ գործոններով, չեմ պայմանավորվելու ինչ-որ բաներ… ուզում եմ, որ իմ աշխատանքային ոճը մարդկանց համար հասկանալի լինի և ի սկզբանե ասել եմ՝ հենց այդպես էլ հայտարարի ենք եկել»:
Տիգրան Գալստյանին հիշեցրինք Արարատ Միրզոյանի «քայլած ընկեր»՝ «Անի» հյուրանոցի վարորդից՝ ՄՀՀ տնօրեն, և ապա՝ իրեն տեղակալ նշանակած Սամվել Մելիքսեթյանի դեպքը, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ, համենայն դեպս, իրեն շատ գոհացնում է, աշխատանքի մեջ այդ մարդը թերացում չունի:
Սյուզի Բադոյան